Արաղչի. Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն 4-6 ամսվա ընթացքում
«Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն 4-6 ամսվա ընթացքում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի ԱԳ փոխնախարարը, ներկայացնելով Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության որոշ մանրամասներ, մասնավորապես նշել է. «Համաձայնության օրը Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը համապատասխան որոշում կընդունի՝ համաձայն որի Իրանի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, միևնույն ժամանակ համաձայնագրի ստորագրման օրը Միացյալ Նահանգները Կոնգրեսի սահմանած պատժամիջոցները ևս կկասեցնեն»:
Փոխարտգործնախարար Արաղչիի խոսքով՝ Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները պաշտոնապես չեղյալ կհայտարարվեն 4-6 ամսվա ընթացքում:
Սեյյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ նախօրեին ընդունած բանաձևին, նշել է, որ առաջին անգամ ԱԽ-ն ընդունեց մի երկրի՝ ուրան հարստացնելու իրավունքը:
Անդրադառնալով ռազմական ոլորտին առնչվող սահմանափակումներին՝ Իրանի ԱԳ փոխնախարարը նշել է. «Բանակցությունների ընթացքում մենք նրանց ասել ենք, որ եթե անհրաժեշտություն եղավ, ապա ցանկացած պահի, ցանկացած մարդու կարող ենք զենք մատակարարել և ցանկացած տեղից կարող ենք սպառազինություն ստանալ»:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Մեջլիսի պատգամավորներին է ներկայացրել Վիեննայում ձեռք բերված համաձայնության արդյունքները, պատասխանել պատգամավորներին հուզող հարցերին: