Լարախաղաց-աճպարար. Հենց վերևից մի աղջկա եմ նայում, ինձ մի բան պատահում է
«Վերևում լարախաղաց եմ, ներքևում գրող»: Այսպես ներկայացրեց իր գործունեությունը՝ ՀՀ մշակութի գործիչ, լարախաղաց-աճպարար, գրող Վլադիմիր Հակոբյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ միայն տոնակատարությունների ժամանակ է հանդես գալիս լարախաղացությամբ. հրավիրում են իրեն, մինչև անգամ Արցախից են հրավիրել:
«Ամսվա ընթացքում երկու-երեք ելույթ եմ ունենում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր այդ աշխատանքի դիմաց ստացած գումարով տպագրում է իր գրքերը, մի մասն էլ բաժանում է ընկերներին:
Վ. Հակոբյանը նշեց, որ արդեն վեց գիրք ունի, յոթերորդը պատրաստում է: Նրա խոսքով, ոչ բոլոր գրքերն են լարախաղացության մասին, նաև քաղաքական գործիչների, մտավորականների մասին են:
«Ինչքան լարի վրա խաղամ, այնքան պետք է գրեմ»,- ասաց նա:
Խոսելով լարախաղացության մասին, Վ. Հակոբյանը նշեց, որ պետք է հինը պաշտպանել, որպեսզի ստեղծվի նորը. «Հայաստանի, Արցախի հազարավոր գյուղերում եմ ելույթ ունեցել՝ ուրախացնելով մարդկանց: Արցախում գյուղ կար, որտեղից եկել ինձ ձիով բարձրացրել են, որպեսզի ուրախացնեմ մարդկանց»:
Նա նշեց, որ աշակերտ չունի՝ ելնելով պայմաններից. «Մեկ-մեկ մարդիկ են լինում, ովքեր ցանկություն են հայտնում սովորել լարախաղացություն, սակայն տեղ չունեմ, պայմաններ չունեմ սովորեցելու համար: Պետք է փորձել այնպես անել, որ չկորցնենք հնագույն այս ավանդույթը: Ժամանակն է, որ մի անձնավորություն թողնեմ լարախաղացության ավանդույթները շարունակելու, հետագա սերունդներին փոխանցելու համար, բայց շատ ծնողներ հրաժարվում են՝ վախենում են, չեն վստահում: Այդ ամբողջ ծանրությունը, պատասխանատվությունը միայն չեմ կարող վերցնել ինձ վրա»:
Վ. Հակոբյանն ասաց, որ հայկական կրկեսը նշանավոր լարախաղացներ է ունեցել. «Ղազարյան ազգանունով լարախաղաց ունեինք, ով աշխարհում առաջինը լարի վրայից գլխիկոր իջնում էր ներքև: Այս պահին չունենք, շատ քիչ են, երկու-երեք հոգի»:
«Երբ լարի վրա եմ լինում, միայն մտածում եմ հաջողությամբ ավարտելու մասին: Հենց վերևից մի աղջկա եմ նայում, վերևից լավ են երևում, հանկարծակի սկսում եմ ուրիշ բաների մասին մտածել, մի բան ինձ պատահում է»:
Հաջորդ տարի կլրանա Վ. Հակոբյանի 70-ամյակը: Սկսել է լարախաղացությամբ զբաղվել՝ «ծնված օրվանից»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան