Կրկեսային տոն Երևանում. Հյուրախաղերով հանդես է գալու Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը
Երևանում մեկ ամիս շարունակ կրկեսային տոն է լինելու. հյուրախաղերով հանդես է գալու Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
«Ամբողջ տարի ենգիբարյանական է հայտարարված: Բազմաթիվ միոջոցառումներ ենք իրականացրել գյուղերում, զորամասերում: Լինելով նրա աշակերտը, կարծում եմ, որ պետք է պետական մակարդակով, ավելի մասշտաբային նշենք Ենգիբարյանի 80-ամյակը: Որոշեցի ռուսական ամենալավ շապիտոներից մեկին հրավիրել Երևան: Ծրագիրն իրականացնում ենք Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Կրկեսին տեղ է հատկացվել նախկին դելֆինարիումի տարածքում»,- ասաց նա:
Ս. Պետրոսյանի խոսքով, Սանկտ-Պետերբուրգից ութ ֆուռ է գալու Երևան՝ տեղափոխելով կենդանիներին, անհրաժեշտ պարագաները: Նա առանձնացրեց նաև դերասանական պրոֆեսիոնալ կազմը. «Մեծ միջոցառում է լինելու՝ արժանի մեր հանդիսատեսին: Վաղուց նման մասշտաբային, հագեցած ծրագիր չենք ունեցել՝ կրկեսային բոլոր ժանրերի արտիստների մասնակցությամբ»:
Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը Երևանում հանդես է գալու օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը: Հյուրախաղերի համար Հայաստան կտեղափոխվեն ավելի քան 20 վարժեցված կենդանիներ, այդ թվում` առյուծներ, կապիկներ, ուղտեր, ձիեր, պոնիներ և այլն։
Ասուլիսին ներկա «Իմպերիալ» շապիտո-կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկինը նշեց, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաաստվում Երևանում կայանալիք հյուրախաղերին:
«Մեր պրոդյուսերը միշտ երազում էր հյուրախաղերով հանդես գալ Երևանում: Երկար ենք աշխատել ծրագրի իրականացման ուղղությամբ: Համոզված ենք, որ կարդարացնենք հայ հանդիսատեսի հույսերը»,- ասաց նա՝ հավելելով, որ անակնկալներ են պատրաստել հանդիսատեսի համար, հնչելու է կենդանի ձայն, որը ներկայացումն ավելի հետաքրքիր, որակյալ է դարձնում: Հանդիսատեսը, ըստ նրա, զարմանալու առթի կունենա:
Ս. Պետրոսյանն ասաց, որ ցանկություն ունեն ծրագիրը նաև մարզերում իրականացնել, սակայն ժամանակի խնդիր կա. «Բայց կմտածենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա