Իրանի ԱԳ փոխնախարար. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը S-300-ի հարցում սահմանափակում չի նախատեսում
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը S-300-ի տրամադրման հարցում սահմանափակում չի նախատեսում»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի փոխարտգործնախարարն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, այն հարցին, թե Ռուսաստանի կողմից S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերը ստանալու համար Իրանը պետք է ստանա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թույլտվությո՞ւնը, մասնավորապես պատասխանել է. «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը S-300-ի տրամադրման հարցում սահմանափակում չի նախատեսում: Ռուսաստանը ևս պարզ հայտարարել է, որ այդ հարցում սահմանափակում չկա և դա չի վերաբերում այն դրույթներին, որոնք ամրագրված են բանաձևում»:
Այն հարցին, թե Իրանի Մեջլիսի կողմից միջուկային համաձայնությանը բացասական կարծիք տրվելու դեպքում, ի՞նչ զարգացումներ տեղի կունենան, Սեյյեդ Աբբաս Արաղչին մասնավորապես նշել է. «Եթե Մեջլիսը չհաստատի միջուկային համաձայնությունը, ապա պարզ չէ, կրկին կվերադառնանք բանակցություններին, թե ոչ»:
Ասուլիսի ընթացքում ԻՒՀ ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իրան կայցելեն Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: