Ջավախքում բացվելու է աշուղ Ջիվանու տուն-թանգարանը
Ջավախքի Կարծախ գյուղում բացվելու է աշուղ Ջիվանու տուն-թանգարանը: Տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 25-ին: Ի նշանավորումն հայ աշուղական երգարվեստի վարպետի 170-ամյակի՝ տուն-թանգարանն իր դռները կբացի 2016 թվականի ամռանը։ Տուն-թանգարանի հիմնումը նախաձեռնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը։ Այս մասին տեղեկանում ենք javakhkmedia.com-ից:
Մի շարք հասարակական-մշակութային գործիչների, մտավորականների, արվեստագետների ու երաժիշտների մասնակցությամբ ձևավորված համապատասխան հանձնաժողովն իրականացնում է տուն-թանգարանին անհրաժեշտ ցուցադրական նյութերի, այդ թվում Ջիվանու ձեռագրերի, երաժշտական գործիքների, լուսանկարների, անձնական իրերի հավաքագրման գործընթացը:
Տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը կազմել են «ԱՇՆ փրոջեքտ»ճարտարապետական արվեստանոցի մասնագետները ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ:
Թանգարան դարձնելու նպատակով Ջիվանու հայրական տունը հիմնադրամին նվիրաբերել է Կարծախ գյուղի արժանավոր զավակ Սպարտակ Բանգոյանը:
Աշուղ Ջիվանին ծնվել է 1846 թ. Ախալքալաքի գավառի Կարծախ գյուղում։ Աշուղական արվեստը Ջիվանին սովորում է կարծախցի նշանավոր աշուղ Սիայու մոտ։ Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։
Որպես աշուղ ձևավորվել է նախ Թիֆլիսի, ապա Գյումրիի երաժշտական միջավայրում։ Մինչև 1880-ական թթ նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։
Ջիվանին որպես հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ մեծ ազդեցություն է թողել հայ աշուղական դպրոցի զարգացման վրա, նա հայ նոր աշուղական դպրոցի հիմնադիրն է, ամենամեծ աշուղը հայ իրականության մեջ։ Նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը։ Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։
Ջիվանու երաժշտական ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղական հետագա սերունդների վրա։
Մահացել է 1909 թվականին: