Գերմանիայում առաջին իսլամական բանկն է բացվել
Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում բացվել է առաջին իսլամական բանկը: Ինչպես հայտնում է «Դոյչե Վելլե»-ն, բանկը քուվեյթա-թուրքական ֆինանսական ինստիտուտի Kuveyt Turk Bank դուստր ընկերությունն է:
KT Bank-ը հույս ունի, որ իր հաճախորդները կլինեն Գերմանիայում բնակվող մուսուլմանները, որոնց թիվը տատանվում է 4-5 մլն-ի սահմաններում:
Շարիաթի նորմերի համաձայն՝ KT Bank-ը չի մասնակցելու զենք, ալկոհոլի և ծխախոտի ֆինանսավորմանը, ինչպես տոկոսներ չի գանձելու:
Բանկի ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրենց հաճախորդ կարող են դառնալ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողները: Բացի այդ, բանկը հույս ունի գրավել Պարսից ծոցի երկրների ներդրողներին:
Կայքը նշում է, որ աշխարհում նմանատիպ ֆինանսական ինստիտուտների թիվը քիչ է նույնիսկ արաբական երկրներում: Թուրքիայում դրանք կազմում են բանկերի ընդհանուր թվի 5-7 տոկոսը: Շուկայի այդ ոլորտը, սակայն, շատ արագ է աճում, ընդ որում ոչ միայն ավանդական մուսուլմանական երկրներում, այլև Եվրոպայում:
Բացի Ֆրանկֆուրտից, բանկը մտադիր է իր մասնաճյուղերը բացել Քյոլնում և Դյուսելդորֆում: