Մշակված ծրագիրը բացառելու է ՀԷՑ-ում ֆինանսական վնասների ձևավորումը. Երվանդ Զախարյան
Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ /մինչև 2036 թվականը/ զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ծրագիրը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցությամբ և ֆինանսավորմամբ, ամերիկյան փորձագետների, նախարարության և էներգետիկայի ինստիտուտների մասնագետների մասնակցությամբ:
Ծրագրի արդյունքները հիմնված են ամբողջ էներգահամակարգի օպտիմիզացիոն հաշվարկների վրա, հաշվի առած բոլոր էներգապաշարները (նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված, փայտ, ածուխ և այլն), արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, սպառման բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, տրանսպորտ, բնակչություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) տեխնոլոգիաները:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շնորհանդեսի ներկայացման ժամանակ նշեց, որ հանդիպման նպատակն է հանրության լայն քննարկմանը ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ռազմավարությունը, որը տրամաբանական շարունակությունն է էներգետիկայի զարգացման ռազմավարական բնույթի մինչ այսօր մշակված փաստաթղթերի, ինչպիսիք են 2005թ. և 2007թ. ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությունները, 2013թ. հոկտեմբերին ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը» և 2014թ. հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիրը, որոնք նպատակաուղղված են ապահովելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:
«Մենք, գիտակցելով, որ զարգացման ծրագրերը կյանքի կարող են կոչվել միայն առողջ համակարգում, դեռ 2014թ. մայիսից խորը, բազմակողմանի վերլուծություն իրականացրեցինք ամբողջ էներգահամակարգում: Արդյունքում ձևավորվել է առողջացման ծրագիր, որը պետք է ապահովի էներգահամակարգի կայունությունը և հուսալիությունը»,- ասաց Ե. Զախարյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ արդեն իսկ մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը դրվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական վնասների ձևավորումը: Ե. Զախարյանի խոսքերով՝ Կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ: Մշակվել են նաև էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը և կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրականացումը առաջիկա 1-2 տարիների ընթացքում` նախնական գնահատմամբ կբերի բաշխիչ ցանցերում փաստացի կորուստների նվազմանը` 1,5-2%-ով:
«Այս ծրագրերի իրականացմամբ կունենանք անվտանգ, հուսալի և կայուն էներգետիկ համակարգ, անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրություն ներքին շուկայի և արտահանման համար, կայուն ֆինանսական վիճակ, կանխատեսելի սակագներ և կորուստների կրճատում, սպառողներին մատարակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացում, ինչը կխթանի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը և բիզնեսի զարգացմանը»,- ասաց նախարարը:
Նա շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց նաև էներգետիկայի զարգացման ռազմավարական ուղղություններով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ատոմային էներգետիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցություն մասով:
«Այսքանով հանդերձ՝ դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ շարունակում ենք աշխատանքները: Մենք պատրաստ ենք լսել Ձեր կարծիքները և առաջարկները, ստանալ այն հաջող արդյունքը, որը թույլ կտա ունենալ կայուն և հուսալի էներգահամակարգ»,- նշեց Ե. Զախարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները