Ալեքսանդր Գուշչին. ԱԼԳ-ի նախկին ձևաչափը սպառել է իրեն
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Ալեքսանդր Գուշչինը «Հայաստանի ինտեգրացիոն նոր օրակարգի ակտուալ քննարկումներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված ինտերնետային ասուլիսի ժամանակ անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն և անվտանգության հիմնախնդիրները, ՇՈՍ-ի և ԲՐԻԿՍ-ի հեռանկարներն ու Ուկրաինական ճգնաժամը:
«Panorama.am»-ի թղթակցի հարցին, թե ինչում է կայանում «Արևելյան գործընկերություն» ծրագրի հիմնական թերությունը, բանախոսը նշեց, որ այդ կառույցի համակարգող երկրները, որոնք են Լեհաստանն ու Շվեդիան, չկարողացան ռեալիզացնել այն գլոբալ մտահղացումը, որն ընտրված էր իսկզբանե, մինչդեռ «հին Եվրոպայի» հիմնական դերակատար երկրները հանդես էին գալիս դիտորդի դերում:
Ըստ Գուշչինի` բացասական գործոններից մեկն այն է, որ ծրագրի նկատմամբ մոտեցումը միասնական էր` առանց հստակ պատկերացնելու ԱԼԳ-ի մասնակից պետությունների տարբերությունները: Մյուս կողմից բացակայում էր ակնկալիքը այն հարցում, որ Ռուսաստանը կարող է դիմադրություն ու հակազդեցություն ցուցաբերել, ինչը փաստացիորեն դրսևորվեց ուկրաինական ճգնաժամի տեսքով:
Բանախոսի կարծիքով` 2015թ-ի Ռիգայի խորհրդաժողովը ապացուցեց, որ ծրագրի` նախկինում գոյություն ունեցած ձևաչափը սպառել է իրեն:
«Այնուամենայնիվ, գաղափարն ինքնին շարունակում է ապրել և կշարունակվի իրագործվել առավել նուրբ և ճշգրիտ միջոցներով: Այսօր ակնհայտ է, որ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրները ծրագրի իրագործման հարցում շատ հեռու են իրարից, համեմատաբար, ավելի առաջ է շարժվել Մոլդովան, սակայն իր ամբողջության մեջ, եթե նկատի ունենանք այն տեսլականը, որը ընկած էր ԱԼԳ-ի ստեղծման հիմքում, ապա ծրագիրը ձախողվել է: Սակայն սխալ է նաև խոսել լիակատար ձախողման մասին: Այս ամբողջ ժամանակի ընթացքում կարևոր քայլեր են կատարվել գաղափարախոսական հարթության մեջ, վերապատրաստումների ֆինանսավորում է իրականացվել, դրամաշնորհներ են հատկացվել մշակույթի և գիտության ճյուղերի զարգացման համար, ինչը շատ կարևոր է «փափուկ ուժի» կիրառման ոլորտում, որը միակ հարթությունն է, որտեղ Արևմուտքը դեռևս կարող է մեծ առավելության հասնել Ռուսաստանի նկատմամբ»,-եզրափակեց Ալեքսանդր Գուշչինը: