Մենք՝ հրեաներս, պատմական ընտրություն ենք կատարում. Վարժապետյանի նամակը` Կնեսեթին
Հայաստանի Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը նամակ է հղել Իսրայելի Կնեսեթի նախագահին, ինչպես նաև դրա անդամներին, որում նշվում է հետևյալը.
«Հարգելի պարոն Էդելշտեյն, Կնեսեթի հարգելի անդամներ,
Սրտատրոփ և մեծ հույսով Հայաստանի հրեական համայնքի անդամները տեղեկացան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ Կնեսեթի նիստին կայանալիք քննարկման մասին:
Սփյուռքի հրեաների աչքին Կնեսեթը մարմնավորում է իմաստուն և բարոյապես պարկեշտ մարդկանց ժողով:
Մենք մեծ հույսեր ենք կապում իսրայելական խորհրդարանականների հետ՝ հայ ժողովրդի ողբերգությունը որպես Ցեղասպանություն ճանաչելու մասին իրենց դրական որոշման առնչությամբ:
Եթե մենք ցանկանում ենք կերտել ապագա, մենք պետք է հարգենք անցյալը և դրանով իսկ օրինակ ծառայենք նոր սերնդին:
Ծննդոց գրքի ի հայտ գալուց մինչև պետության ստեղծում և մինչ օրս Իսրայելը հսկայական զոհերի գնով Արարչի կարևորագույն պահանջին՝ Արդարության սկզբունքին համապատասխանության բարձրագույն բարոյական քննություն է հանձնում:
Հասկանալով դա՝ աշխարհի ժողովուրդները, բազմաթիվ իշխանություններ և խորհրդարաններ սևեռուն հայացքով հետևում են Իսրայել պետության և հրեական սփյուռքի դիրքորոշմանն ամենասուր՝ Հայոց ցեղասպանության հարցում:
Մենք՝ հրեաներս, պատմական ընտրություն ենք կատարում. ճանաչել մեր բարոյական սկզբունքները որպես համընդհանուր և համամարդկային կամ հարաբերական և պայմանական՝ ի շահ քաղաքական ներկա դրությանը և թափանցիկ «նպատակահարմարությանը»:
Նայելով անսահման տառապանքներ կրած հայերի աչքերին՝ մենք՝ հրեաներս, ինչպես հայելու մեջ, տեսնում ենք մեր ժողովրդի տառապանքները: Հրեաների և հայերի մեծամասնությունը սրտատրոփ սպասում է ձեր՝ երկու ժողովուրդների ճակատագրի համար կարևորագույն որոշմանը:
Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ներդրում կդառնա նաև միջազգային հանրության՝ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ջանքերում: Միանշանակ է, որ ժամանակին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ավելի քիչ հավանական կդարձներ Հոլոքոստի իրականացումը: Դա էլ հենց հանդիսանում է այն գործոնը, որ միավորում է մարդկության դեմ նախկինում իրականացված հանցագործությունները: Հետևաբար, Իսրայելի և հրեական ժողովրդի բարոյական պարտքն է նաև հանդես գալը որպես ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված պայքարի առաջամարտիկ»: