Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել տան բակ
Այսօր առավոտյան ժամը 07.33-ին փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել` հայտնվելով թիվ 36 տան բակում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ՝ 1959 թ. ծնված Հ. Հ.-ը, ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ա. և 1959 թ. ծնված Ս. Հ.-ները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը, այնուհետև ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: