Կոմիտասի մեներգերը` սաքսոֆոնի և դաշնամուրի փոխադրությամբ. Համերգ՝ ԳԱԿ-ում
Հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի մենակատարները ներկայացնելու են մեծն Կոմիտասի մեներգերը` սաքսոֆոնի և դաշնամուրի փոխադրությամբ: Կոմիտասյան կատարումները զուգորդվում են մեներգերի բանաստեղծական տեքստերի ընթերցմամբ և Արփինե Կալինինայի` Կոմիտասյան մեղեդիների հիման վրա գրված դաշնամուրային իմպրովիզացիաներով: Ելույթ է ունենալու սաքսոֆոնահար Իշխան Հարությունյանը, դաշնակահար անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինան: «Կոմիտասյան գոհարներ» խորագիրը կրող համերգը կկայանա հուլիսի 24-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից:
Համերգի կազմակերպիչներն են Music of Armenia-ն և Գաֆեսճեան արվեստի կենտրոնը:
Կոմպոզիտոր, դաշնակահար Արփինե Կալինինան ուսանում է Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրայում: 2008-2009 թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի և Դաշնամուրային բաժինները:
2007 թ. հիմնել է հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն ու դաշնակահարն է մինչ օրս: Անսամբլի նպատակն է հայ դասական երաժշտության տարածումը Հայաստանում և արտերկրում: 2010 թ.-ից «Կանթեղը» նախաձեռնել և իրականացնում է համերգ-դասախոսություններից բաղկացած ճանաչողական Կոմիտասյան համերգաշար. մինչ օրս տեղի է ունեցել 25 համերգ-դասախոսություն Հայաստանում, ինչպես և Բրիտանիայում:
2014 թ. Կոմիտասյան համերգաշարի համար նա արժանացել է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի սահմանած «Հայկյան» հատուկ մրցանակին, որը հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
2010 թ. Արփինե Կալինինան արժանացել է Ռուսաստանի Դաշնության Արվեստի ասպարեզում ունեցած բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակին և ոսկե մեդալին: ՀՀ առաջին և միակ արվեստագետն է, ով ստացել է «Տրիումֆ» հեղինակավոր մրցանակը: