Ա. Գուշչին. ԵՏՄ-ն ձգտում է կամուրջ դառնալ Պեկինի և Արևմուտքի միջև
Եվրասիական տնտեսական Միության ապագան բավական մշուշոտ է: Հայկական լրատվամիջոցների հետ առցանց հարցազրույցի ժամանակ, պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին, թե ինչպիսի ապագա է կանխատեսվում ԵՏՄ-ի համար Արևմուտքի հետ հակադրության համատեքստում, նշեց Պետական հումանիտար համալսարանի դոցենտ Ալեքսանդր Գուշչինը:
«ԵՏՄ-ի արդյունավետ զարգացման համար առաջին հերթին կարիք կա, որպեսզի վերացվեն պատժամիջոցները և թուլանա քաղաքական լարվածությունը ՌԴ-ի ու Արևմուտքի միջև: ԵՏՄ-ն հաջողություն կունենա, եթե այն դառնա կարևոր տրանզիտ Ասիան և Եվրոպան կապելու համար: Հակառակ դեպքում, եթե այն պետք է լինի Մուրմանսկից Շանհայ կապող օղակ, ապա կնմանվի Չինաստանի կցորդի»,- ասաց Գուշչինը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորվելու պարագայում ԵՏՄ-ն կարող է հավասարակշռություն պահել Պեկինի և Արևմուտքի միջև և ապահովել օգուտներ միջաշխարհամասային առևտրից, այդ թվում օգտվելով նաև հյուսիսային ծովային ուղուց:
Խոսելով ԱՊՀ-ի մասին՝ Գուշչինը ընդգծեց, որ ԱՊՀ-ն վաղուց մահացած կառույց է, որի տարածքում արդեն գործում են շատ ավելի կարևոր ինտեգրացիոն, ռազմաքաղաքական միավորումներ և այն վերակենդանանալու հեռանկար գործնականում չունի:
Հարցին, թե ինչ հեռանկար է սպասվում Ռուսաստանին, եթե վերջնական կարգավորվի Իրանի և Արևմուտքի հակադրությունը՝ Գուշչինը պատասխանեց, որ տնտեսական առումով այն մեծ հարված կհասցնի Ռուսաստանին, քանի որ տեղի կունենա նավթի գների էական անկում: