Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի ռուսական դատարանը. ԱՆ փոխնախարար
ՌԴ Պոդոլսկի շրջանում 2013-ին «Կամազ» մակնիշի բեռնատարով վթարի գործով 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը շարունակվում է և այն ավարտին հասցնելու համար երկար ժամանակ կպահանջվի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, որն այդ հարցով բանակցությունների մեջ է ռուսական կողմի հետ:
«Աշխատանքները ռուսական կողմի հետ դեռևս ընթացքում են: Այն փաստաթղթերը, ինչ անհրաժեշտ էր ռուսական կողմի համար, հայկական կողմն ուղարկել է և այնտեղ այժմ դրանք քննարկման փուլում են», -ասաց պարոն Քոչարյանը:
Նրա խոսքով, Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի դատարանը` հարցը քննության առնելուց հետո:
«Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, այդ հարցի շուտափույթ լուծում ակնկալելը ճիշտ չի լինի», -նկատեց Քոչարյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ բացի ռուսական կողմի հետ այդ հարցի շուրջ քննարկումներից, իրենք մշտական կապի մեջ են նաև Հրաչյա Հարությունյանի հարազատների հետ` ցուցաբերելով նրանց անհրաժեշտ իրավական օգնություն:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Հարակից հրապարակումներ`
Հրաչյա Հարությունյանին ՌԴ-ից փոխանցելու ժամկետները դեռ հայտնի չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան