Վնասվածքաբան-օրթոպեդ. Կնոջ համար կոշիկի իդեալական բարձրությունը 4-6 սմ է
Հենաշարժական համակարգի խնդիրները նկատելիորեն երիտասարդացել են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վնասվածքաբանության և վերականգնողական կլինիկիայի տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Հակոբ Հովհաննիսյանը:
«Ազգաբնակչության մի ստվար զանգված տառապում է նման խնդիրներով, ինչի մեջ նշանակալի դեր ունի մեր դարի արագ տեմպին զուգահեռ շարժունակության պակասը»,- նշեց նա՝ հավելելով, որ մարդու կմախքը պահանջում է համապատասխան շարժունակություն, մկանային հզորություն, ինչը ժամանակի ընթացքում մարդը կորցնում է:
Հ. Հովհաննիսյանը նշեց, որ թյուր է ժողովրդի մեջ շրջանառվող այն կարծիքը, թե երեխաներն անընդհատ դպրոցական ծանր պայուսակ կրելով ողնաշարի թեքություն են ունենում. «Այդ թեքությունը, որ առաջ է գալիս 11-12 տարեկանում, ի սկզբանե պայմանավորված չէ պայուսակների ծանր լինելով: Դա գենետիկ կոդ է, որով երեխան գալիս է աշխարհ, տասը տարվա ընթացքում որևէ նախանշան չի եղել, բայց 11-12 տարեկանում որոշակի շեղում է առաջ գալիս, երբեմն շատ արագ է զարգանում»:
Բժիշկը նշեց, որ պետք է տարանջատել՝ բնածին ու ձեռքբերովի հիվանդությունները: Ըստ նրա, երկարատև նստակյաց վիճակը, ոչ ճիշտ գրասենյակային աթոռը, բերում են ողնաշարի խնդիրներ, բայց ոչ ողնաշարի թեքություն: Նա նշեց, որ գենետիկ հիվանդությունները բավականին երկարատև բուժում են պահանջում: Իրենք հիմնականում աշխատում են վարժությունների միջոցով:
Հ. Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս ողնաշարային հիվանդություններից զերծ մնալու համար օրվա ընթացքում 10-15 րոպե վարժություն արել, գնալ լողի: Ըստ նրա, վարժությունների շատ ձևեր գոյություն ունեն, պետք է ճիշտ ընտրություն կատարել:
Ինչ վերաբերում է կոշիկներին, բժիշկն ասաց, որ կնոջ համար կոշիկի իդեալական բարձրությունը 4-6 սանտիմետրն է, տղամարդու համար՝ 2-3-ը. «Այս դեպքում մարդու ողնաշարը հանգիստ է լինում»:
Ասուլիսին ներկա ժողովրդական բժշկությամբ 45 տարի զբաղվող Զալիկ Մարտիրոսյանն ասաց, որ ողնաշարային խնդիրները հիմնականում առաջանում են նստած վիճակից և հիմնականում գեր մարդկանց մոտ: Նա նշեց, որ ինքը կարողանում է վարժությունների միջոցով վերացնել ցավերը, ողնաշարի խախտված դիսկերը շտկել, ողնաշարի ճողվածքը բուժում է ոչխարի մորթու միջոցով, օգտագործում է նաև արջի յուղ:
«Մարդու քայլվածքից, նաև մատներով շոշափելով զգում եմ, թե ինչ խնդիր ունի: Որևէ մեկին մինչ օրս չեմ վնասել: Եթե տեսնում եմ, որ չեմ կարող բուժել, կամ բարդ է, խորհուրդ եմ տալիս անմիջապես դիմել բժշկի»,- ասաց Զ. Մարտիրոսյանը:
Վնասվածքաբան-օրթոպեդն ասաց, որ ամեն մարդ ինքն իրավունք ունի ընտրել իր բժշկին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում