Կոնսերվատորիայի պրոֆեսոր. Չի կարելի քննադատել նրանց, ովքեր ուզում են ճանապարհ հարթել դրսում
«Եթե Հայաստանում շատ լինեն օպերային ներկայացումները, մեր օպերային երգիչները չեն հեռանա մեր երկրից, ուրիշ տեղ աշխատանք չեն փնտրի, կփորձեն այստեղ ամրապնդվել»: Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը:
«Ունենք շատ լավ երգիչներ: Նրանց Հայաստանում պահելու համար պետք է նախ և առաջ ապահովել աշխատանքով: Օպերային երգչի բեմական կյանքը շատ երկար չի, չի կարող ժամանակ կորցնել՝ սպասելով, թե երբ կկարգավորվի, երբ երգելու բան կլինի: Մեր օպերային թատրոնի խաղացանկը մեծ չէ, որ բոլորը կարողանան ընդգրկվել: Դա համար բոլորովին չի կարելի քննադատել նրանց, ովքեր ուզում են ճանապարհ հարթել դրսում: Ի վերջո դրսում հանդես գալով, նաև մեծարում ենք հայ ազգը: Երկու տարի սովորել եմ Իտալիայում, 10 տարուց ավելի աշխատել եմ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում: Այդ ընթացքում չդադարեցի հայ լինելուց, չէ՞: Դա միայն օգուտ տվեց ինձ ու իմ ուսանողներին, քանի որ ես նրանց տալու, սովորեցնելու բան ունեմ»,- ասաց պրոֆեսորը:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, ինքն իր ուսանողներին ուղարկում է մրցույթների, որն աճելու հնարավորություն է տալիս. «Հաղթում են, աճում են: Հետո՞: Բեմ է պետք»:
Նշենք, որ հենց Սուսաննա Մարտիրոսյանն է ուղարկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանին մասնակցելու Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթին: 21 ամյա երգչուհին արժանացել ր երրորդ մրցանակին:
«Վերջին երկու տարվա ընթացքում Մանեն մասնակցել է մի քանի միջազգային մրցույթների ու մշտապես Հայաստան վերադարձել մրցանակներով: Չայկովսկու անվան մրցույթում երրորդ մրցանակին արժանանալը մեծ հաղթանակ է: Սա ոչ միայն իմ ու իր հաղթանակն է, այլ Մանեն մտավ մրցույթի պատմության մեջ, հայաստանյան օպերային արվեստի պատմության մեջ: Մրցույթում հաղթելն ուղղակի պատահականություն չէր, մենք կամաց-կամաց աճելով հասանք Չայկովոսկու անվան մրցույթին: Մեր համատեղ աշխատանքի արդյունքն է: Մանեն իր ճանապարհն արդեն այդ մրցույթով կհարթի: Առաջիկայում մտածում եմ մյուս ուսանողներիս մասին, որին որ մրցույթին կարելի է ուղարկել»,- ասաց պրոֆեսոր Ս.Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան