«Կոպիտ կարող է հնչել, բայց Երևանը ոնց որ պանթեոն լինի». այն մասին, թե ինչ է անհրաժեշտ մեր քաղաքին
«Քաղաքային միջավայրը բնակչին ավելի հարազատ դարձնելու համար անհրաժեշտ են փոքր ճարտարապետական ձևեր, կիրառական կահավորանք, գեղարվեստական լուծումներ: Քաղաքային միջավայրի ձևավորման գործում մեծ դեր ունի նաև քանդակը: Սպասված ցուցահանդես է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը` Նկարիչների միությունում բացված «Քաղաքային քանդակ» էքսպերիմենտալ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները դիտելուց հետո:
Ներկայացված 50 աշխատանքները՝ 26 հեղինակի, ներկայացնում են քաղաքային միջավայրի համար համար նախատեսված, ազատ լուծումներով, համարձակ կոմպոզիցիոն ստեղծագործություններ և այդ քանդակների քաղաքային միջավայրին հարմարեցված լուսանկարներ: Ցուցահանդեսի մտահղացման հեղինակն է քանդակագործ Նունե Թումանյանը:
Տ. Բարսեղյանը մեծ ակնկալիքներ ունի այս ցուցահանդեսից, հույս ունի, որ ներկայացված աշխատանքներն իրենց տեղը կգտնեն Երևանում: «Իրականացման հնարավորությունները, աղբյուրները բազմազան են՝ հովանավորներ կամ քաղաքապետարանը նախաձեռնի, այս պահին չեմ ուզում խոսել այդ մասին»:
Քանդակագործ Հովհաննես Գասպարյանը երկու աշխատանք է ներկայացրել՝ «Հայի ոգին», «Ճամփորդ»: Նրա խոսքով, այսօր Երևանը կարիք ունի նման քանդակների. «Անհրաժեշտություն է: Կոպիտ կարող է հնչել, բայց Երևանը ոնց որ պանթեոն լինի: Մենք սիրում ու հարգում ենք մեր մեծերին, իրենցից շատ բաներ ենք սովորել ու սովորում, բայց չափ գոյություն ունի: Հուշարձանախեղդ ենք լինում: Այսօր մեր քաղաքին անհարժեշտ են քաղաքային քանդակներ»:
Քանդակագործ Վահրամ Գալստյանը ներկայացել է «Ծիլեր» խորագրով իր աշխատանքը. «Ուղղակի նախագիծ է, կարող է իրականան, եթե հովանավորվի: Ուզում եմ, որ հենց Ծիծենակաբերդում լինի»:
Այցելուները մեծ հետաքրքրությամբ էին դիտում աշխատանքները, միաժամանակ փորձում պատկերացնել, թե տվյալ աշխատանքը քաղաքի որ մասում կցանկանային տեսնել:
«Կան մեր քաղաքում շատ քանդակներ՝ ծավալային, մաստաբային: Բայց, կարծում եմ, որ այսօր ավելի թեթև, ժամանակակից լուծումներով, նաև տրամադրություն ստեղծող, թելադրող աշխատանքների կարիք է զգում մեր քաղաքը»,- ասաց ցուցահանդեսի այցելուներից Գայանեն:
Քանդակագործ Նունե Թումանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Երկար տարիների իմ երազանքն այսօր իրականություն դարձավ: Կողքից շատ էին ասում, իզուր ես նախաձեռնում, ավելորդ է, ոչ մեկին պետք չէ: Բայց ես որոշեցի կազմակերպել: Ինչպես տեսնում եք մեծ հետաքրքրություն է առաջացրել և արվեստագետների, նաև քաղաքացիների շրջանում: Իզուր չէր իմ այսքան տարիների երազանքը: Ներկայացված հեղինակների յուրաքանչյուրի երազանքն է, որ այս աշխատանքները մեկ օր տեղադրվեն մեր քաղաքում: Դրանք շատ անհրաժեշտ են նաև մեր քաղաքին»:
Նախորդող հրապարակումներ՝
«Քաղաքային քանդակ»-ը մեկ հարկի տակ է հավաքելու կրտսեր ու ավագ սերնդի արվեստագետների
Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան