«Նարեկացու լույսը». Գրիգոր Նարեկացու վարդապետական ուսմունքն ու խոսքը մեկնաբանելու ևս մեկ փորձ
Այս ամսվա վերջին Երևանում նախատեսված է անցկացնել գիտաժողով, որին մասնակցելու են հայտնի նարեկագետներ: Գիտաժողովն անցկացվելու է «Նարեկացու լույսը» նախագծի շրջանակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նարեկացու լույսը» նախագծի ղեկավար Անահիտ Դավթյանը։
«Նարեկացու լույսը» նախագիծը կներկայացնի Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների, ինչպես նաև «Նարեկի» հրաշագործությունների մասին գիտական և գեղարվեստական մեկնաբանությունները։ Նախագծի շրջանակում կկազմակերպվի հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդես, կցուցադրվի Գրիգոր Նարեկացու մասին պատմող գիտական ֆիլմ:
Ա. Դավթյանի խոսքով, Գրիգոր Նարեկացու աստվածաբանական ժառանգությունը գիտական հնչողություն կստանա «Նարեկացու լույսը» նախագծի շրջանակում. «Այդ համատեքստում ևս մեկ անգամ փորձ կարվի մեկնաբանել Գրիգոր Նարեկացու վարդապետական ուսմունքն ու խոսքը, ով մեզ համար ոչ միայն աստվածաբան է, այլ նաև փիլիսոփա և մեծ գիտնական»:
Հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։
Այս տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը հայ միջնադարյան վանական, աստվածաբան, բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն շնորհեց «Եկեղեցու ուսուցիչ» տիտղոսը։
«Եկեղեցու ուսուցիչը» հեղինակավոր կոչում է, որը Կաթոլիկ եկեղեցին 1298թ.-ից շնորհում է վաստակավոր աստվածաբաններին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին