«Հողը կը Խօսի». Եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունները՝ ռուսերեն և գերմաներեն (լուսանկարներ)
«Հողը կը Խօսի»… Եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններին այսուհետ հնարավորություն ունեն ծանոթանալ նաև ռուս և գերմանացի ընթերցողը: Այսօր Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ «Երկիրն է խոսում» թարգմանական ժողովածուների (ռուսերեն, գերմաներեն) շնորհանդեսը: Ժողովածուներն ընդգրկում են եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Զարդարյան, Երուխան, Թլկատինցի, Գեղամ Բարսեղյան, Տիգրան Չյոկյուրյան, Արտաշես Հարությունյան, գործերը: Թարգմանական ժողովածուների տպագրությունը նպատակ ունի աշխարհին ծանոթացնել եղեռնազոհ հայ գրողներին, նրանց ստեղծագործություններին, ներկայացնել հայ գրականության լավագույն նմուշները և պատմել Հայոց ցեղասպանության արհավիրքի մասին։
Ժողովածուների առաջաբանի հեղինակ Վազգեն Գաբրիելյանը ժողովածուների շնորհանդեսի ժամանակ ասաց. «Այս գիքրը վերցնելով ձեռքդ՝ երկու զգացում ես ունենում՝ մեծագույն ցավ ու տառապանք, որ կորցրել ենք այսպիսի մարդկանց, մյուս կողմից էլ հպարտություն, որ ունեցել ենք այսպիսի գրողներ: Այս ժողովածուն կարծես մի տեսակ հուշարձան, պանթեոն լինի. յուրօրինակ մի տեղ է, որտեղ մեր հեղինակներն իրենց տառապանքների, ցավերի, ուրախության, գրականության մասին զրույց են բացել»:
Թարգմանական ժողովածուի լույսընծայման նախաձեռնությունը «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է, լույս են տեսել ՀՀ նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհի և Հայասատանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գերմաներեն ժողովածուն արդեն իսկ ներկայացվել է Գերմանիայում և Ավստրիայում:
«Աշխարհում արդեն շատերը կարող են այս ժողովածուների միջոցով ծանոթանան իսկական հայ գրականության հետ, միաժամանակ ծանոթանան մեր մեծագույն ողբերգությանը»,- նշեց Վազգեն Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս գիրքն ընթերցողը որոշակի պատկերացում կկազմի, թե հայ ազգն ինչպիսի գրողներ է ունեցել ու ինչպիսի զոհեր է տվել:
«Մենք ի վերջո մի ամբողջ մշակույթ ենք զոհաբերել»,- ասաց նա:
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նշեց, որ ժողովածուները ներկայացվելու են գրքի տարբեր ցուցահանդեսներում, բաժանվելու են տարբեր հրատարակությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա