ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։
ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու համար: Այն նաև միտված է միջազգային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը:
Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն անցյալ տարի մասնակից ընկերությունների և այցելուների աննախադեպ աճ էր գրանցել: Կանխատեսվում է, որ դրական միտումը կշարունակվի նաև այս տարի: ԴիջիԹեք Էքսպո 2015-ին ակնկալվում է 130 տեղական և միջազգային ընկերությունների մասնակցություն և շուրջ 40 000 այցելություն: Ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այս տարի ԴիջիԹեքն առանձնահատուկ է միջազգային ընկերությունների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ: Ցուցահանդեսին կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելառուսի և Ուկրաինայի մի շարք առաջատար ընկերություններ: Բացի այդ, սպասվում է նաև սփյուռքահայ տեխնոլոգիական համայնքի այցելություն: ԴիջիԹեք էքսպոյի հանդեպ մեծ հետաքրքրություն է նկատվում նաև իրանական ընկերությունների կողմից, որոնք Հայաստանը դիտարկում են նաև որպես արդյունավետ կամուրջ դեպի ռուսական մեծ շուկա»:
ԴիջիԹեքում ցուցահանդեսից բացի կանցկացվեն նաև ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն, ինչպես նաև աշխատանքի տոնավաճառ և այլ միջոցառումներ:
Նշենք, որ ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Beeline-ը: