Օլանդ. Ֆրանսիան պատրաստ է «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցել Իրանի հետ
«Ֆրանսիան պատրաստ է «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցել Իրանի հետ»,-այդ մասին ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Համաձայն հաղորդագրության՝ զրույցի ընթացքում ԻԻՀ նախագահը, անդրադառնալով Իրանի և Ֆրանսիայի համագործակցության հեռանկարներին, մասնավորապես ասել է. «Անցած 10 տարիների ընթացքում մեր երկու երկրները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու գործում շատ հնարավորություններ են ձեռքից բաց թողել, այժմ ժամանակն է, որպեսզի կորցրածը փոխհատուցվի»:
Հասան Ռոհանին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել է. «Իրանը եվրոպական երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային կոչ է անում համագործակցել Եմենում, Իրաքում և Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ, շեշտելով երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը, տեղեկացրել է, որ առաջիկա օրերին նախատեսվող Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցն Իրան նպատակ ունի առավել ամրապնդել Թեհրանի և Փարիզի հարաբերությունները:
Օլանդը նշել է, որ Իրանն ու Ֆրանսիան կարող են համագործակցել նավթի, էներգետիկայի և ավիափոխադրումների ոլորտում:
Անդադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ֆրանսուա Օլանդը հավելել է. «Ֆրանսիան պատրաստ է Իրանի հետ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Սիրիայի և Եմենի հարցում պետք է փնտրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ, Իրաքում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ևս պետք է համագործակցենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան