Նկարիչների միության նախագահ. Մեծահարուստները չեն հասկանում
Այս տարվա ընթացքում Նկարիչների միությունում արդեն 25 ցուցահանդես կազմակերպվել է: Մոտ այդքան էլ ծրագրված է մինչև տարեվերջ:
«Տարեկան 40-50 ցուցահանդես ենք ունենում: Աննորմալ շատ է: Խորհրդային տարիներին, երբ Նկարիչների միությունն ուներ պետական աջակցություն, գումարներ, ավելի մեծ հնարավորություններ, աշխատակազմ, տարեկան 20 ցուցահանդես էր լինում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այդքան շատ ցուցահանդեսների կազմակերպումը, նա նախ ասաց, որ արվեստագետների քանակն է մի քիչ ավելացել, ապա հավելեց. «Հայաստանի անկախությունից մինչև 1998 թվականը, տարեկան երեք-չորս ցուցահանդես էր կազմակերպվում: Ժողովուրդը մոռացել էր Նկարիչների միության մասին: Կարծում էին նկարչությունն այն, է ինչ Վերնիսաժում է վաճառվում: Նկարիչների միությունն իր բարձր դիրքը, դերակատարումը կորցրել էր: Որպեսզի վերադարձվեր կորցրածը, ժողովուրդը սկսեր այցելել Նկարիչների միության, որոշեցինք ավելի հաճախակի ցուցահանդեսներ կազմակերպել: Մինչ օրս էլ այդ տենդենցը շարունակվում է»:
Կ. Աղամյանի խոսքով, առաջին տարիներին, երբ փորձում էին հանրապետական ցուցահանդեսներ կազմակերպել, եղել են դեպքեր, երբ չի կայացել նկարիչների կողմից աշխատանքներ չներկայացնելու պատճառով. «Ամեն ինչ մոռացվել էր: Ժամանակի ընթացքում ամեն ինչ վերհիշվեց»:
Նկարիչների միության նախագահի խոսքով, հաջորդ տարվա ընթացքում անհատական ցուցահանդեսներ կազմակերպելու բազմաթիվ հայտեր են ստացել. «Այնքան շատ են հայտերը, որ նույիսկ 2017 թվականի համար են գրանցել»:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է այսօր նկարչի համար ամենամեծ խնդիրը, Նկարիչների միության նախագահն ասաց. «Ստեղծագործում են, սակայն գնորդ չկա: Պետությունը չի գնում, անհատներն էլ չեն գնում: Նախ և առաջ հասարակարգը պետք է կրթվի, մեծահարուստները պետք է հասկանան, որ ոչ թե մեկ գիշերվա ընթացքում մեծ գումարներ ծախսեն իրենց հաճույքների համար, այլ գնեն արվեստի գործեր, այդպես կօգնեն և նկարչին, և կնպաստեն արվեստին, և իրական հաճույք կստանան, թեև իրենք այդ հաճույքը չեն հասկանում, այլ հաճույքներ են հասկանում:
Այսպիսի իրավիճակում պետությունը մերթընդմերթ պետք է ավելի ուշադիր լինի, աջակցի, խրախուսի նկարչին, որ չհանգի այս ամենը: Մի օր այս ամենը կարող է վերանա, կարող է դառնանք երկիր, որ չունենա այս ամենը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները