Սևանա լճի հատակից ուղտի գանգ է հայտնաբերվել. ջրասուզորդներ (Լուսանկարներ)
Սևանի լճի բոլոր ափերը, նաև լճի հատակը շատ աղտոտված է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեցին Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները:
Սևանա լճի ստորջրյա վեցերորդ ֆրանս-հայկական գիտարշավն անցկացվել է հուլիսի 15-23-ը: Իրականացնում է ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը:
«Վեց տարվա ընթացքում ջուրը մեկ-մեկ պարզ է լինում, բայց չի նշանակում, որ մաքուր է: Միայն ջրի բարձրացման մասին չպետք է մտածել, այլ նաև ինչպես անել կեղտը չհայտնվի լճում, այսինքն ինչպես անել, որ ափերը մաքուր լինեն: Ամեն տարի աղբը ավելանում է, քանի որ չեն մաքրվում»,- ասաց կենտրոնի հիմնադիր, ջրասուզորդ Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա):
Նշեց, ինչպես ափերին, այնպես էլ հատակին հիմնականում պլաստմասե ամաններ, մեկանգամյա օգտագործման ամաններ, բաժակներ են: Ըստ նրա, իրենց հիմնական նպատակն է Սևանա լճի հատակից ջուր փոխանցել գիտնականներին հետազոտման համար, հայտնաբերել իրեր ու նրանց համար անել լուսանկարներ, վերցնել նմուշներ:
Կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել) ասաց, որ Սևանա լիճը շատ խնդիրներ ունի, որոնք անհրաժեշտ են լուծել: Միաժամանակ հավելեց, Սևանա լճի հատակին շատ տեսնելու բան կա:
Կենտրոնի տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը ներկայացրեց երկու առարկա, որ հայտնաբերել է օրերս Սևանա լճի հատակից:
«Շորժայի հատվածից 8 մետր 40 սանտիմետր խորության վրա գտել եմ գանգ: Հետո պարզվեց, որ ուղտի գանգ է: Տարիներ առաջ կղզու հատվածից նույնպես ուղտի գանգ էի գտնել: 18,5 մետր խորության վրա, ավազի շերտի տակ, քար եմ գտնել, որը շատ նման է բաժակի: Այս իրերը կտանք համապատասխան մասնագետներին, որպեսզի ուսումնասիրեն, թե որ դարաշրջանի են, ինչպես են հայտնվել Սևան լճի հատակին»,- ասաց Վ. Մելքոնյանը: