Հայաստանում վերականգնվող էներգետիկայի չնչին մասն է օգտագործվում
Վերականգնվող էներգետիկայի տեսանկյունից Հայաստանը տարածաշրջանի երկրների հետ համեմատ բավականին լավ վիճակում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը՝ հավելելով, որ Հայաստանը չունի հանածո վառելիքներ, բայց բնությունը մեզ պարգևել է արև, ջուր և մենք պետք է օգտագործենք սեփական միջոցները:
«Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության ապահովան համար, մինչդեռ չնչին մասն է օգտագործվում»,- ասաց Թ.Բաբայանը:
Նրա խոսքերով՝ 2007թ-ից սկսած իրենք ուսումնասիրում են շուկան և փորձում են գտնել արևային էներգիան զարգացնելու, օգտագործելու հարմար պահը:
«Մենք արդեն մի քանի տարի է ուսումնասիրում ենք այդ շուկան և անցյալ տարվանից գների անկումը որոշակի հնարավորություններ ստեղծեց օգտագործելու արևը: Տարբեր երկրներում դա օգտագործում են: Կյանքը ցույց է տվել, որ հանածո վառելիքների գներն այսպես թե այնպես բարձրանում են, սակագների բարձրացումն էլ մտածելու տեղիք է տալիս, և հիմա լավ է այդքա՞ն վճարել, թե՞ մեկ անգամ ծախս անել, գնել արևային ջրատաքացուցիչ, քան թե տաք ջրի համար այդքան թանկ վճարել»,-նշեց Թ.Բաբայանը:
Նաև հայտնեց, որ իրենք պատրաստել են ներդրումային ծրագիր, որը ներկայացվել է Կլիմայի ներդրումային հիմնադրամին:
«2014թ-ին հաստատվել է ՀՀ-ին արտոնյալ գումար հատկացնելու հարցը: Այժմ մեր հիմնադրամը մշակում է ծրագիր, որի արդյունքում կունենանք 40-50 մեգավատ հզորությամբ արևային կայաններ, որոնց արտադրած էներգիան կմիանա ընդհանուր ցանցին, և առաջին իսկ տարում կբավարարի բնակչության էներգետիկ պահանջարկի 8 տոկոսը: Այդ կայանները ամեն դեպքում մինչև 2020 թ-ը պատրաստ կլինեն, կարծում եմ, որ 2017 թ-ին առաջին կայանները կլինեն»,- նշեց Թ.Բաբայանը: