100 տոկոս անհիմն կասկածանք է. Փաստաբանը՝ Տիգրան Խաչատրյանին ձերբակալելու մասին
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը անհիմն է համարում իր պաշտպանյալին ծանր մարմնական վնաս պատճառելու համար ձերբակալելու մասին որոշումը:
«100 տոկոս անհիմն կասկածանք է: Մեկ ժամ է նրան ձերբակալել են ու այս պահին ավելին չեմ կարող ասել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսին տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում և կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ: Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասը սահմանում է հետևյալը՝ «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել»: Այս հանցանքի համար սահմանվում է պատժի՝ 3-7 տարի ազատազրկում:
Միջադեպի հետևանքով Հարություն Զաքարյանը, թեպետ մի քանի վիրահատության էր ենթարկվել, բայց կորցրել էր տեսողությունը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 6 անձի, որոնցից մեկը Սուրիկ Խաչատյանի եղբայրն ու նրա որդին են:
Նախորդող հրապարակում՝
Զաքարյանները պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանի եղբոր մեղադրանքը պետք է խստացվի
Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է (լրացված)