Յոթ տարվա ընդմիջումից հետո Հայաստանում կանցկացվի հեղինակային երգի փառատոն
Ավելի քան յոթ տարվա ընդմիջումից հետո Հայաստանում կանցկացվի հեղինակային երգի փառատոն: Այն կազմակերպում են Բարդեր ակումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը: «Հուսո Առագաստ-2015» հեղինակային երգի փառատոնն անցկացվում է «Երգի փառատոն 2015» մեգանախագծի շրջանակում՝ երկու փուլով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հեղինակային կատարող Վախթանգ Հարությունյանը:
Նա նշեց, որ փառատոնի հիմնական նպատակն է՝ երիտասարդ հեղինակ-կատարողների ի հայտ բերումը, նրանց ստեղծագործական գործունեությանը նպաստելը, բեմ տրամադրելը, արդեն ճանաչված հեղինակ -կատարողների և հեղինակային երգի սիրահարների հետ շփումը:
«Հույս ունենք՝ կկարողանանք ինտեգրել մեր երիտասարդ կատարողներին: Սովորաբար ամեն նման փառատոնից հետո մեր բանակը 3-5 հոգով համալրվում է»,- ասաց Վ. Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօրվանից հայտերն ընդունվում են: Փառատոնի առաջին փուլն անցկացվելու է հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Սևանում: Երկրորդ և հիմնական փուլն անցկացվելու է Դիլիջանի կոմպոզիտորների միության հանսգտյան տանը օգոստոսի 26-28-ը: Վ. Հարությունյանը նաև հայտնեց, որ լավագույն տաս կատարումները ձայնագրելու են:
«Գալա համերգից ստացված հասույթն տրամադրվելու են Դիլիջանի երաժշտական դպրոցում կիթառի դասարանի ստեղծմանը»,- նշեց նա:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, հեղինակ-կատարող Էդվարդ Զորիկյանն ասաց, որ որևէ տարիքային սահմանափակում չկա, որևէ ուղղվածություն չկա. «Ուղղակի կընտրենք այն երգերը, որոնք հենց այս երգաոճի մեջ կլինեն: Այս երգաոճին բնորոշ է կիթառն ու բանաստեղծական արժեքը»:
Կոմպոզիտորների միության աշխատակազմի ղեկավար Սվետլանա Ալեքսանյանն ասաց, որ Կոմպոզիտորների միությունը փորձում է բացի պրոֆեսոինալ երաժշտության փառատոներից, նաև այլ ծրագրեր իրականացնել:
«Այս անգամ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի նախաձեռնությամբ իրականացվելու է «Երգի փառատոն-2015» նախագիծը: Այս ծրագրի շրջանակում որոշել ենք իրականացնել առանձին փառատոներ՝ հեղինակային երգի, ժողովրդական, էստրադային, նպատակ ունենք նաև ռոք երաժշտությունն ընդգրկել»,- ասաց նա՝ հավելելով, որ ծրագրի մեկնարկը տրվում է հենց հեղինակային երգի համահայկական փառատոնով: