Երիտասարդ քանդակագործ. Մշակույթը Հայաստանում զարգանում է հեղինակների ջանքերի շնորհիվ
«Ունենք մեծ պոտենցիալով, հիանալի արվեստագետներ, ովքեր հենց դուրս են գալիս Հայաստանից, միանգամից ճանաչում են ստանում, հաջողությունների են հասնում, իսկ այստեղ անտեսված են, ստվերի մեջ են: Ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչները, այնպես էլ շատ շնորհալի երիտասարդ արվեստագետներ ունենք, ովքեր ըստ արժանավույնս չեն գնահատվում»,- Panorama.am-ի զրույցում մտահոգություն հայտնեց քանդակագործ Հովհաննես Գասպարյանը:
Նա նշեց, որ մշակույթը Հայաստանում զարգանում է հեղինակների ջանքերի շնորհիվ. «Որևէ մեկը չի պատկերացնում, թե ինչպես կարող է քանդակագործը հագուստ չգնի, բավարարվի միայն մեկ հացով, որպեսզի կարողանա փոքր չափի բրոնզից քանդակ ձուլել տա՝ առանց որևէ ակնկալիքի, որ մեկ օր կարող է վաճառել»:
Քանդակագործի խոսքով, այսօր հովանավորներ չկան՝ արվեստագետներին օգնելու համար, գնորդներ չկան: Ստեղծված իրավիճակից, ըստ նրա, հնարավոր է դուրս գալ պետական կամ ոչ պետական աջակցության շնորհիվ:
«Գնում ենք Եվրոպա ցուցադրվելու: Մեր նման սոցիալական պայմաններում գտնվող երկրների արվեստագետները գալիս են իրենց թարգմանիչներով, արվեստաբաններով՝ ներկայացնելու իրենց արվեստը: Իսկ մենք գնում ենք մեր հաշին, միանյակ, շատ հաճախ պարտք ենք վերցնում, որպեսզի կարողանանք տեղ հասնել: Գրավում ենք առաջին տեղերը»,- ասաց Հ. Գասպարյանը՝ շեշտելով, որ արվեստագետներն իրենց գործը լավ են անում, մնում է համապատասխան մարմիններն իրենց գործը կատարեն:
«Մշակույթը մեր բրենդն է, պետք է ուշադրություն դարձվի հայ մշակույթին»,- համոզմունք հայտնեց քանդակագործ Հ. Գասպարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան