Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է (լրացված)
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներչում: Հիշեցնենք՝ միջադեպի ժամանակ տուժել էին Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 6 անձի, որոնցից մեկը Սուրիկ Խաչատյանի եղբայրն ու նրա որդին են:
Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների համաձայն` նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ. Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան