Հանդիպում-երեկո՝ Արտավազդ Փելեշյանի հետ
Հուլիսի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում (կարմիր դահլիճ) տեղի կունենա հանդիպում-երեկո ՀՀ ժողովրդական արտիստ, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ երեկոյի ընթացքում կցուցադրվեն անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն կունենան լսելու վարպետին, հարցեր ուղղելու նրան:
Մուտքն ազատ է:
Հանդիպումը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ:
Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ:
Ա. Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Գյումրիում: Նա 1968 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964 թ.), «Մարդկանց երկիրը» (1966 թ.), «Սկիզբը» (1967 թ.) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով: 1969 թ-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն: Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները: Փելեշյանի կինոարվեստն ընդարձակել է «կինո» հասկացության սահմանները. ստիպում է վերանայել հանրահայտ ճշմարտություններ և պայմանականություններ: Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:
Նախորդող հրապարակում՝
Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները. Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա