Ամերիկյան ամսագիրը «Մաշան և արջը» մուլտսերիալն անվանել է ապագա դասական
Ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալն ընդգրկվել է ամերիկյան Animation Magazine ամսագրի կողմից կազմված «250 հեռուստաշոու, որոնց վիճակված է դառնալ դասականներ» ցուցակում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Մուլտսերիալի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն նշել է, որ «Մաշան և արջը» մուլտսերիալի համար սա դրական ազդանշան է. «Առաջին հերթին, սա, անկասկած, մեր հեղինակների և ստուդիայի վաստակն է: Բայց «հեռանկարային» բառը ենթադրում է երկար ճանապարհ, որպեսզի ապագայում հասնենք նման արդյունքի, անհրաժեշտ է էլ ավելի ջանքեր: Այդ իսկ պատճառով այդ ցուցակում հայտնվելը մեզ համար ապագայում նախագիծը զարգացնելու խթան է»:
Այժմ «Մաշան և արջը» մուլտսերիալը ցուցադրվում է հեռուստատեսությամբ կամ վաճառվում է DVD տարբերակով աշխարհի 30 երկրում, բայց դեռևս պաշտոնապես չի ցուցադրվել ԱՄՆ-ում, դիտումը հնարավոր է միայն ինտերնետի օգնությամբ: