Է. Զորիկյան. Եթե գրածդ երգն ագռավ է ու այն ձեռքից ձեռք խլխլում են, ուրեմն մեր ժողովրդի ճաշակը բավականին ցածր է
«Մեզ՝ հայերիս, բնորոշ է՝ սկզբում ամեն ինչ քարկոծել, հետո, գուցե երկրորդ հայացքից, օրվանից սկսել տեսնել, որ չէ, ինչ որ բան կա, մարդիկ կան, որ գործ են անում: Կյանքը չի կանգնել: Ստեղծագործ մարդիկ որքան էլ լքեցին Հայաստանը, նույն այդքան էլ մնացին, որոշ մարդիկ վերադարձան»,-Panorama.am-ի հետ զրույցում պոետ, երգահան, հեղինակ-կատարող, սցենարիստ և բեմադրիչ Էդուարդ Զորիկյանն այսպես արձագանեց հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք այսօր Հայաստանում ստեղծված մշակութային դաշտը:
Ըստ նրա, հայերը ցանկացած հարցի լուծում ուզում են հենց այդ պահին, այդ օրվա ընթացքում. «Բայց մոռանում ենք, որ ամեն առավոտ լուսաբաց է, այն մարդիկ, ովքեր ցանկանում են որևէ ուղղությամբ, ոլորտում ինչ-որ խոսք ասել, նոր քայլ անել, ամեն առավոտ արևը բարձրանում է, կարող են անել: Այն, ինչ չեն արել երեկ մայրամուտին, այսօր լուսաբացից կարող են սկսել»:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք ստեղծագործ մարդկանց որևէ խթան պետք չէ ստեղծագործելու համար, ինչպես շատ արվեստագետներ են նշում, Հայաստանում արվեստը զարգացնելու, ստեղծագործողին խթանելու, իր հայրենիքում պահելու համար որևէ բան չի արվում. «Խթա՞ն, չեմ հասկանում ինչու: Կոնկրետ հենց հեղինակային երգի հետ կապված ասեմ. խորհրդային տարիներին արգելված ոճ էր: Արգելված էր ոչ թե կնիքով, որևէ մեկի ստորագրությամբ, այլ արգելված էր, որ խթանող բան չկար: Ամեն ինչ դու պետք է անեիր: Երբ ես սկսեցի երգեր գրել, շատ չգիտեի, որ ինչ-որ մեկը պետք է խթանի: Ինձ թվում էր, որ ես պետք է գրեմ խոսքը, երաժշտությունը ու կատարեմ, ինչ խթան, ինչ բան: Սա ավելի դրական ու նորմալ է, քանի որ ամբողջովին ազատ է: Արվեստի այն ոճերը, որտեղ խթան է պետք, ինվալիդ ոճեր են, նրանց պետք է ձեռնափայտ, հաշմանդամի սայլակ՝ որպես խթան: Երգը, կտավը, ֆիլմը, արվեստի ստեղծագործությունը թռչուն է, ստեղծագործեցիր պետք է բաց թողես: Քանի պատուհանից, բաց պատշգամբից ներս մտավ, մարդկանց սրտեր գերեց, այնքան լավ: Իսկ եթե այդ թռչունը ոչ մեկին պետք չէ, ագռավի նման կռռացող մի բան է դուրս եկել ստեղծագործությունդ, որքան էլ խթանես այդ ագռավին, միևնույնն է՝ սոխակ չի դառնա»:
Է. Զորիկյանն ասաց, որ այսօր ամեն մարդ իր գործն է անում: Իսկ ինչպե՞ս է անում. «Արդեն ագռավի ու սոխակի հարցն է: Եթե գրածդ երգն ագռավ է, բայց այդ ագռավը ձեռքից ձեռք խլխլում ե ն, ուրեմն մենք պետք է մտածենք, որ մեր ժողովրդի ճաշակը բավականին ցածր նշաձող ունի: Ինձ հաճախ ասում են՝ ինչո՞ւ հեղինակային երգը մեծ թվով հանդիսատես չունի, ստադիոններ չի լցնում: Երբեք չի եղել այդպիսին: Անդրեյ Տարկովսկին էր ասում՝ հեղինային երգը գրում են մտածող մարդիկ մտածող մարդկանց համար: Մտածող մարդկանց քանակն ուղղակի քիչ է: Ժամանց սիրող, մտածել չսիրող մադկանց քանակը շատ է: Դուրս եկեք փողոց, փորձեք երկու-երեք հոգու մի փոքր լուրջ հարց տալ: Մեծ մասը կասի ժամանակ չունի պատասխանելու համար, բայց իրականում պարապ –սարապ թրև են գալիս, չեն ուզում մտածել: Նման մարդկանց երևի պետք է ստամոքսահյութ արտադրող որևէ երաժշտություն: Չգիտեմ էլ՝ դա երաժշտություն է, թե ինչ է:
Իսկ եթե նկատի ունես այն երևույթը, որ որոշ երգիչներ թուրքից լավ են կլկլացնում, կամ անգլերեն երգ է, բայց կարծես երգչի լեզվի տակ երկու-երեք փոքր գլաքարար են, չես հասկանում՝ ինչ լեզվով է երգում, իրենց ընդհանրապես ասելիք չունեմ, խայտառակություն է: Այն մարդիկ, ովքեր այդքան լավ կլկլացնում են, պետք է հրաժարվեն քրիստոնեությունից, ընդունեն մահմեդականությունը, քանի որ նման կլկլոցով մոլլան է կանչում, իր հոտը հավաքում: Դա պետք է իմանան: Ինչքան շուտ ընդունեն մահմեդականությունն, այնքան լավ կլինի իրենց համար, Հայաստանից դուրս ավելի մեծ շուկաներ կան լավ կլկլացնողների համար: Թող գնան այնտեղ կլկլացնեն, միլիարդներ կաշխատեն: Այս փոքրիկ Հայաստանը թող հանգիստ թողնեն: Առանց այդ էլ տարբեր կողմերից մարտահրավերները շատ են: Մշակույթը գոնե մաքուր, հանգիստ թողնեն: Բացարձակ կողմնակից չեմ, որ որևէ սահմանափակում լինի: Մշակութային գործիչը, ստեղծագործողը պետք է միշտ ազատ լինի, քանի որ միայն ազատ միտքն է, որ կարող է ինչ -որ բան ստեղծագործել: Բայց երբ որ նման երևույթներ են լինում, ուղղակի խայտառակություն է, ամոթ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան