Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին, Panorama.am-ը տեղեկանում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ` Տ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասը սահմանում է հետևյալը՝ «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել»: Այս հանցանքի համար սահմանվում է պատժի՝ 3-7 տարի ազատազրկում:
Հարակից հրապարակում`
100 տոկոս անհիմն կասկածանք է. Փաստաբանը՝ Տիգրան Խաչատրյանին ձերբակալելու մասին