Հայ երաժիշտները կաշխատեն Դամասկոսի օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ
Հուլիսի 26-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային համագործակցությունը խթանելու հետ կապված մի շարք հարցեր:
ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով Հայաստանի մշակութային մեծ ներուժը՝ նախարար Խալիլը կարևորել է հայ երաժիշտների՝ Դամասկոսի օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելու և կոնսերվատորիայում դասընթացներ վարելու հնարավորությունը:
Միաժամանակ, կողմերը կարևորել են մշակութային օրերի փոխանակումը երկու երկրների միջև, ինչի կապակցությամբ նախարարն առաջարկել է առաջիկայում Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպումը: Ապա՝ քննարկվել են սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Գրական տապան-2015» միջազգային կոնֆերանսին Սիրիայի մասնակցության հարցը, ինչի կապակցությամբ դեսպան Փոլադյանը նախարարին հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը:
Հանդիպման ավարտին նախարար Իսսամ Խալիլը դեսպան Փոլադյանի հետ կիսվել է հուլիսի 10-ից 14-ը ՀՀ կատարած իր այցի մանրամասներով: