Ավտոմաքսատուն. ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների բոլոր ձևակերպումները` մեկ վայրում
Այս տարվանից ԵԱՏՄ-ին միանալու կապակցությամբ ՀՀ Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանն առաջնորդվում են նոր ընթացակարգերով: Այս մասին հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի խոսքով, մասնավորապես Միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵԱՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵԱՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են Միության ապրանքի կարգավիճակ»:
ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո հարկային մարմնում պետք է վճարեն ԱԱՀ-ն, ինչը նշանակում է, որ քաղաքացին ավտոմեքենայի հետ կապված որոշ գործառույթներ իրականացնելու համար պետք է տարբեր գերատեսչություններ այցելեր:
Բաբկեն Ղազարյանը տեղեկացրել է, որ ավտոմաքսատան նախաձեռնությամբ ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի շնորհիվ ՝ ԵԱՏՄ-ից ավտոմեքենա ներկրողներն այժմ մեկ վայրում՝ մաքսատան հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում են վճարում ԱԱՀ-ը, որտեղ սպասարկում են հենց հարկային ծառայության աշխատակիցները: Սրահը նախատեսված է բացառապես ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ձևակերպման համար.
«Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորություններն, այլև միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում»,-ընդգծել է մաքսատան ղեկավարը:
Քաղաքացիներին բարձրակարգ և արագ ծառայություն մատուցելու նպատակով, ավտոմաքսատանը միաժամանակ շարունակվում են ընթացակարգերի պարզեցմանն ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Մաքսային ձևակերպման գործընթացից ամբողջությամբ հանվել են պարամետրերը կամ, այսպես կոչված, օպցիաները: Գործարկվել է նաև ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող փորձագիտական երկրորդ կետը` բացառելով հերթերը:
Մաքսատանը եռամսյա պարբերականությամբ հետևում են նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները:
Ի դեպ, 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ներկրվել մոտ 13 հազար ավտոմեքենա: Առաջին կիսամյակում, Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ` ավտոմաքսատունը պետական բյուջե է ուղղել շուրջ 13.5 միլիարդ դրամի մուտքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան