Քաջարանի ԲԿ-ում հեպատիտ C-ով վարակվածներից 8-ը հակավիրուսային բուժում են ստանում
Քաջարանի բժշկական կենտրոնում հիվանդների հեպատիտ C-ով վարակման պատճառը վիրաբուժական գործիքներն էին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Նրա խոսքերով՝ Քաջարանում ԲԿ-ում 15 հիվանդի մոտ ախտորոշվել է հեպատիտ C, որից 8-ի մոտ սուր հեպատիտ C:
«Այն արտահայտվել է դեղնուկային ձևով, հեպատիտ C-ի դեպքում հազվադեպ է հանդիպում»,- ասաց նա:
Ըստ Հ.Ղազինյանի՝ առաջին անգամ պետությունն իր վրա է վերցրել այս հիվանդների բուժումը: Բոլոր հիվանդները անվճար ստանում են հակավիրուսային բուժում և այժմ գտնվում են բուժման ընթացքում:
«Այն հիվանդները, որոնք ստանում են հակավիրուսային բուժում, մեծ հավանակություն կա, որ կբուժվեն, քանի որ այսօր հեպատիտ C-ն համարվում է բուժվող հիվանդություն: Հակավիրուսային բուժումը նշանակում է առողջացում»,- նշեց նա:
Հ.Ղազինյանը խոստովանեց, որ հեպատիտով վարակման դեպքերը միայն Քաջարանի ԲԿ-ով չեն սահմանափակվում, պարբերաբար տարբեր հիվանդանոցներից ստանում են սուր վիրուսային հեպատիտ C-ի դեպքեր:
«Պատճառը հիմնականում վիրաբուժական մանիպուլյացիաներն են»,- ասաց նա:
Ըստ նրա, եթե մինչև 1992 թ-ին հեպատիտի փոխանցման գործոն էր հանդիսանում արյան փոխներարկումը, ապա արյան սկրինինգից հետո արյունը որպես փոխանցման գործոն իր տեղը զիջել է այլ գործոնների, այդ թվում՝ ատամնաբուժական, գինեկոլոգիական, կոսմետոլոգիական գործիքների:
Հիշեցնենք, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` 2 և ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում