Էրդողան. Քրդերի հետ խաղաղ գործընթացն անհնար է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հայտարարել է, որ քրդերի հետ խաղաղ բանակցություններ վարելն այս պահին անհնար է, քանի որ երկրի ներսում շարունակվում են զինված քրդերի հարցակողական գործողությունները: Նա նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին` պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում, Թուրքիային աջակցություն ցուցաբերելու համար, Իսլամական պետության և քրդերի դեմ մղվող պայքարում: Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle»-ն:
«Անհնար է շարունակել խաղաղ գործընթացը նրանց հետ, ովքեր հարձակվում են մեր ազգային միության և եղբայրության վրա»,-նշել է Էրդողանը` նկատի ունենալով Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» զինյալներին:
Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Անկարան և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ներկա պահին քննարկում են Սիրիայի տարածքում` Թուրքիայի սահմաններին հարող շրջաններում, անվտանգության գոտի ստեղծելու մասին հարցը, որը ազատագրված կլինի ահաբեկիչներից և ապաստան կդառնա Սիրիա վերադարձող փախստականների համար: