Կառավարությունն ամեն ինչ արել ու անում է, որ «Նաիրիտը» վերագործարկվի. Երվանդ Զախարյան
ՀՀ Ազգային ժողովում այսօր ներկայացվում են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ արդյունքները: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից:
Արդյունքների ներկայացման ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ «Նաիրիտ»-ը կամ պետք է վերագործարկվի` վստահելի ներդրողների միջոցով, կամ լուծարվի, ինչը կապված կլինի լուրջ բնապահպանական խնդիրների ու ծախսերի հետ:
«Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սնանկացումը, քանի որ դա բերելու է լուրջ ֆինանսական ծախսերի ու անվտանգության հետ կապված խնդիրների: Այնպես որ այն կարծիքը, թե կառավարությունը ցանկություն ունի և տանում է գործարանը լուծարման` պատասխանատու հայտարարում եմ, որ դա այդպես չէ: Կառավարությունը կողմ է և ամեն ինչ արել ու անում է, որ գործարանը վերագործարկվի»,- ասաց նախարարը:
Ե. Զախարյանի խոսքերով՝ 2006-2008 թթ-ին աշխատելու ընթացքում «Նաիրիտ»-ը կուտակել է ահռելի պարտքեր, իսկ 2008թ-ին պարտքն արդեն կազմել է 17.5 մլրդ դրամ: Ըստ նրա՝ 2010թ-ից գործարանը չի գործել և նրա մասնավոր սեփականատերը լքել է այն:
Նախարարը հայտնեց, որ մինչ ուսումնասիրությունները կավարտվեն, կառավարությունն անցած ուրբաթ օրվանից սկսել է վճարել աշխատավարձի պարտքը: