Իրանի և Ադրբեջանի միջև «մշակութային պատերազմը» շարունակվում է
«Ադրբեջանը շարունակում է պատմությունը կեղծելու քաղաքականությունը՝ յուրացնելով Աբբաս Միրզայի պատմական ժառանգությունը»,-այդ մասին նշված է իրանական «Արաննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի պատմության թանգարանը Ղաջարների դինաստիայի թագաժառանգ Աբբաս Միրզայի՝ Նախիջևանի խանին 1812թ. Ասլանդուզի ճակատամարտի ժամանակ ի նշան գնահատանքի նվիրաբերած պատմական դրոշը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի պատմական ժառանգության նմուշ:
«Արաննյուզի» տեղեկացմամբ՝ Էրմիտաժում պահվող Աբբաս Միրզայի դրոշը վերջերս փոխանցվել է Ադրբեջանի պատմության թանգարանին:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու և Իրանի պատմական և մշակութային արժեքները յուրացնելու քաղաքականությանը, նշում է. «Թեև Աբբաս Միրզայի դրոշի վրա պատկերված են առյուծն ու արևը (շիր օ խորշիդ), որն Իրանի պատմական խորհրդանիշերից մեկն է, Ադրբեջանի պատմության թանգարանը, այդ փաստն անտեսելով, հայտարարում է, թե ռուսական թանգարանում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է դրոշ, որն էլ համարվում է Ադրբեջանի պատմական ժառանգություն»:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ յուրացնում է նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը» և այլն, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունն ու զայրույթը:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Իրանն արդեն գիտակցում է, որ պետք չէ հանդուրժել Բաքվի՝ իրանական պատմությունն ադրբեջանականացնելու քաղաքականությունը
Իրանցի գիտնական. Ադրբեջանը պատմությունը խեղաթյուրելու գործընթացը երեք ուղղությամբ է իրականացնում
Իրանցի պատմաբան. Նույնիսկ Ադրբեջան պետության անունը չի պատկանում ադրբեջանցիներին
Իրանցի փորձագետ. Ո՛չ շահ Իսմայիլը, ո՛չ Նադեր շահը և ո՛չ էլ Նիզամի Գյանջավին երբե՛ք չեն կարող Ադրբեջանին պատկանել
Իրանական կայք. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խեղաթյուրել պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին