Թրաֆիքինգի մասին զեկույցում` Հայաստանն առաջին դիրքի խմբի երկրների շարքում
Մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ. զեկույցում Հայաստանը պահպանում է իր դիրքն առաջին խմբի երկրների շարքում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունից և շնորհավորում Հայաստանի Հանրապետության կառավարությանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում տեղ գրավելու համար:
«Զեկույցում դիտարկված 188 երկրներից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում: ՀՀ կառավարությունն առաջին խմբում տեղ զբաղեցնելու պատվին արժանացել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ: Օրինակ՝ 2014թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Բացի այդ, ՀՀ իրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ: Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:
Դեսպանությունը արժևորում է թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության հետ իր գործընկերությունը և ձգտում է շարունակել այն, մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ու զոհերի նույնացման հարցերի շուրջ»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:
Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող ամբողջական տեքստը հետևյալ հղումներով՝ անգլերեն և հայերեն լեզուներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան