Սիմպոզիում Գյումրիում. Օտարազգի և հայ արվեստագետները քանդակներ են ստեղծում Հայոց ցեղասպանության թեմայով
Տասը քանդակագործ՝ չորսն արտասահմանից, վեցը Հայաստանից, Գյումրու Քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի շրջանակում ստեղծելու են Հայոց ցեղասպանության թեմայով տասը քանդակ, որոնք տեղադրվելու են քաղաքի տարբեր հատվածներում: Սիմպոզիումն անցկացվում է «Մաքառող ընտանիքներ» խորագրի ներքո:
Panorama.am-ի հետ զրույցում «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կրթամշակութային վերլուծությունների և զարգացման ՀԿ-ի նախագահ Արթուր Գևորգյանն ասաց. «Առաջին անգամ սիմպոզիումի ընթացքում մասնագիտական առումով խնդիր էր դրվել՝ ստեղծել սև մետաղի և քարի համադրմամբ աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Ամիսներ առաջ մեր տարածած հայտարարությանն ու առաջարկած պայմաններին արձագանքեց տասը քանդակագործ՝ վեցը Հայաստանից, չորսն արտասահմանից՝ Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Բելառուս»:
Նրա խոսքով, օտարազգի քանդակագործները տեղյակ են հայ ժողովրդի պատմության ողբերգական էջին՝ Հայոց ցեղասպանությանը, ծանոթ են իրենց պետությունների դիրքորոշումներին այդ հարցի վերաբերյալ. «Մեծ հարգանք ունեն հայերի հանդեպ»:
Ա. Գևորգյանն ասաց, որ նրանց մեծապես հետաքրքրում է տուֆի մշակման տեխնոլոգիան, որը նորություն է իրենց համար:
Այժմ քանդակագործներն աշխատում են Տեքստիլ կոչվող թաղամասի Ավետիք Իսահակյանի պուրակում: Ստեղծված քանդակների մի մասը մնալու են հենց այդտեղ, մի քանիսը տեղափոխվելու են Հաղթանակի զբոսայգի՝ քանդակների պուրակ, մեկն էլ նվիրաբերվելու է ծերերի տուն-ինտերնատին:
Նա նշեց, որ այս օրերին քաղաքում ակտիվություն է նկատվում, շատ քաղաքացիներ են գնում Իսահակյան պուրակ, հետևում քանդակների ստեղծմանը:
Սիմպոզիումը շարունակվելու է մինչև օգոստոսի 13-ը, ամփոփվելու է երեք մրցանակակիրների ընտրությամբ:
Սիմպոզիումի իրականացման ծախսերի հիմնական մասը՝ 5 միլիոն դրամ, ֆինանսավորել է Գյումրու քաղաքապետարանը: Ֆինանսավորմանը մասնակցությունն են ունեցել նաև մշակույթի նախարարությունը, միջազգային, տեղական ընկերություններ և անհատներ:
«Շատ աջակիցներ ունենք, իրենք են իրենց օգնությունն առաջարկում»,- ասաց Ա. Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները