Գրքի շնորհանդես և ցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում օգոստոսի 4-ին տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը: Այս մասին Panorama.am-ին հայտնում է ՀՑԹԻ մամուլի քարտուղար Արևիկ Ավետիսյանը:
Այս հրատարակությունը 2009 թ. լույս ընծայված համանուն հատորի լրամշակված ու փոփոխված տարբերակն է: Գրքում առաջին անգամ համադրվում և ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:
Օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 1-ը կգործի նաև «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ժամանակավոր ցուցադրությունը՝ կազմված 12 խորագրերից: Ներկայացված կլինեն բացառիկ նյութեր և լուսանկարներ:
Միջոցառման պատվավոր հյուրերը կլինեն նշանավոր մարզիկներ և սկաուտապետեր Գրիգոր Ճոլոլյանի, Շավարշ Քրիսյանի, Վահան Չերազի ժառանգները:
Պատմական ակնարկ.
Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի զարգացման պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ առաջացան առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները: Սուլթան Աբդուլ Համիդի օրոք սպորտով կամ ֆուտբոլով զբաղվելը խստիվ արգելված էր, իսկ այս արգելքը խախտողները ենթարկվում էին պատժի: 20-րդ դարի սկզբներին Պոլսում և Զմյուռնիայում ձևավորվեցին առաջին հայկական ֆուտբոլային թիմերը: Այս ընթացքում ի հայտ եկան նաև պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած մարզիկներսպորտսմենի կրթություն ստացած Շավարշ Քրիսյանը, Մկրտիչ Մկրյանը և այլոք, ովքեր նշանակալից դերակատարություն ունեցան օսմանահպատակ հայերի շրջանում սպորտի մասսայականացմանը և դրա հանդեպ հետաքրքրության մեծացման գործում:
Կայսրության սպորտային տարեգրության մեջ յուրահատուկ դրվագ էր Ստոկհոլմի հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերին երկու հայ մարզիկների՝ Վահրամ Փափազյանի և Մկրտիչ Մկրյանի մասնակցությունը, որոնք դարձան կայսրությունը ներկայացնող առաջին օլիմպիականները՝ հանդես գալով օսմանյան դրոշի ներքո: Օսմանյան կայսրության անդրանիկ սպորտային պարբերականի «Մարմնամարզի» հրատարակումը (1911-1914թթ.) Շավարշ Քրիսյանի կողմից լրացուցիչ խթան հանդիսացավ կայսրության հայ բնակչության շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին միայն Պոլսում գործում էին շուրջ 40 հայկական մարմնամարզական ակումբներ: Հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցում էին կայսրության մայրաքաղաքում գործող մի քանի լիգաներում ընդգրկված թիմային ու միջազգային մրցաշարերին: Առավել հայտնի էին «Բալթա Լիման», «Արաքս», «Տորք» ֆուտբոլային թիմերը: Պոլսից զատ հայկական սպորտային ակումբներ ստեղծվեցին Զմյուռնիայում, Նիկոմեդիայում, Կարինում, Ադանայում, Վանում, Կեսարիայում, Դորտյոլում, Տրապիզոնում և այլուր:
1911-1914թթ. տասնյակ հայկական սպորտային և մարմնամարզական ակումբների ու խմբակներ մասնակցությամբ կազմակերպվեցին Հայկական օլիմպիական խաղեր, որոնցում սահմանվում էին ռեկորդներ, իսկ հաղթողները պարգևատրվում էին արծաթե մեդալներով: 1913թ. Ադանայում անցկացվեցին նաև առաջին «Կիլիկյան օլիմպիական խաղերը»:
Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկներ, որոնց թվում նաև «Մարմնամարզի» խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել:
1915-1920 թթ. բազմաթիվ հայ մարզիկներ դարձան ցեղասպանության զոհ, հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա