Հատուկ ընդմիջում 40-ից բարձր ջերմաստիճանի դեպքում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը արդեն զգուշացրել է, որ հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը Արարատյան դաշտում, Երևանում, Տավուշի և Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, ոչ ծառածածկ հատվածներում՝ 41 աստիճանի: Սա Հայաստանի համար աննախադեպ բարձր ջերմաստիճան է համարվում և մասնագետների խոսքով, պայմանավորված է Հայաստան արևադարձային տաք հոսանքների ներթափանցմամբ:
Ինչ պայմաններ է նախատեսում նման շոգի պարագայում Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը աշխատողների համար:
Փաստաբան Հայկուհի Սուքիասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Աշխատանքային օրենսգիրքը գործատուների համար պարտականություն է սահմանում աշխատողների համար անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովել: Այսպես, Աշխատանքային օրենսգրքի 153րդ հոդվածը սահմանում է, որ +40 աստիճանից բարձր և -10-ից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում կատարվող աշխատանքի դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին տրամադրել հատուկ ընդմիջում:
«Բայց խնդիրն այն է, որ կոնկրետ սահմանված չեն այն մինիմալ պայմանները, որոնք պետք է ապահովի գործատուն: Այսինքն` գործատուն օրենքով պարտավոր է հատուկ ընդմիջում տրամադրել: Միևնույն ժամանակ օրենսգիրքը չի հստակեցնում և ամեն ինչ թողում է գործատուի խղճին. Մասնավորապես, օրենսգրքում նշվում է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներքին կարգապահական կանոնների հիման վրա, գործատուի և աշխատողի միջև փոխհամաձայնությամբ»,- հավելեց փաստաբանը:
Այս պարագայում, ըստ մեր զրուցակցի, գործատուի կողմից կամայականություններ են դրսևորվում, խտրականություն ցուցաբերվում:
«Մի կազմակերպություն կարող է տրամադրել որպես հատուկ ընդմիջում 30 րոպե, մեկը մի ժամ, մեկ այլ կազմակերպություն էլ կարող է այնքան լիբերալ գտնվել, որ հայտարարի ոչ աշխատանքային օր»,-ասաց փաստաբանը` նկատելով, որ այդ մասը գործատուի հայեցողությանը թողնելը Աշխատանքային օրենսգրքի բացթողումն է:
Ինչևէ, մինչ օրենսդրական դաշտը թերի է, մինչ գործատուները կմտմտան` ինչպես վարվել տապին, Առողջապահության նախարարությունը հորդորում է հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:
Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, ջերմատվության և արյան շրջանառության բարելավման համար: Չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում: Նախարարությունը խորհուրդ է տալիս նաև չգնել արևի ճառագայթների անմիջական ազդեցության ներքո պատրաստվող և վաճառվող սննդամթերք, ինչպես նաև՝ տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր: Պետք է նաև արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար: