Ֆրանսիայի ԱԳ նախարարը 17 տարվա ընդմիջումից հետո մեկնել է Իրան
«Ֆրանսուա Օլանդը Հասան Ռոհանիին Ֆրանսիա այցելելու հրավերք է ուղարկել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ 17 տարի անց այսօր առավոտյան պաշտոնական այցով Իրան է մեկնել Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Լորան Ֆաբիուսն իրանցի իր գործընկերոջ հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Մենք ցանկանում ենք Իրանի հետ վերականգնել մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Միջուկային համաձայնությունը հնարավորություն է տալիս, որ Իրանն ու Ֆրանսիան իրենց հարաբերությունները կառուցեն այլ մակարդակում»:
Լորան Ֆաբիուսը տեղեկացնելով, որ սեպտեմբեր ամսին Իրան կայցելի Ֆրանսիայի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարների գլխավորած պատվիրակությունը, հավելել է. «Մենք պատրաստ ենք, որպեսզի համաշխարհային մակարդակով գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերություններն իրենց գործունեությունը ծավալեն նաև Իրանում: Մենք կարող ենք համագործակցել մեքենաշինության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ ոլորտներում»:
«Ես ինձ հետ բերել եմ մեր նախագահի՝ Հասան Ռոհանիին ուղղված պաշտոնական հրավերը, որը պետք է տեղի ունենա (հավանաբար նկատի ունի այցը) նոյեմբեր ամսին»,-նշել է Լորան Ֆաբիուսը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ, անդրադառնալով ֆրանս-իրանական հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Հուսով եմ, որ նախկինում ունեցած թյուրըմբռնումները կվերանան, և մենք, երկկողմ շահերը հաշվի առնելով, կընդլայնենք մեր համագործակցության շրջանակը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրան էր այցելել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերկա Մոգերինին, որը հայտարարել էր, որ Եվրոպան պատրաստ է Իրանի հետ ընդլայնել իր համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան