Քանաքեռցի Տույը հիվանդանոցում է
Ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Արթուր Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի է Քանաքեռցի Տույ մականունով, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայությունից:
«Արթուր Ղազարյանը մի քանի օր է գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Նա առողջական խնդիրներ ունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ»,-փոխանցեցին վարչությունից` անձնական գաղտնիք համարելով ասել, թե հատկապես ինչ խնդիրներ ունի Տույը:
Նշենք, որ հուլիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի (Տույ մականունով) կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
Ղազարյանին հուլիսի 13-ին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ա. Ղազարյանի մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն: