Արդարադատության նախարարի պաշտոնն արդեն 15 օր թափուր է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Արդարադատության նախարարի պաշտոնը արդեն 15 օր թափուր է, չնայած՝ ԱԺ կուլիսներում համոզված են, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ պատգամավոր, պաշտպանության, ՆԳ և ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Կարծիք կա, որ Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով: Նախ նա Երևանի թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել, և իշխանությանը ժամանակ է պետք վերջնական կողմնորոշվելու համար, թե ով է այստեղ լինելու պատգամավորի իշխանական թեկնածուն արտահերթ ընտրություններում, որովհետև պատգամավորի՝ նախարար դառնալուց հետո 40-օրյա ժամկետում այդ ընտրատարածքում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ:
Նահապետյանի նախարար նշանակվելու պարագայում թափուր են մնալու նաև ԱԺ՝ վերը նշված հանձնաժողովի նախագահի և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնները, որոնք նույնպես զբաղեցնում է Նահապետյանը:
Մեր տեղեկություններով, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի համար քննարկվում է պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի, իսկ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի թեկնածությունը: Չնայած այս քննարկումները շարունակվում են»։