Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Թուրքիայի կողմից քրդերի վրա հարձակումը ռազմավարական սխալ է
«Թուրքիայի կողմից քրդերի վրա հարձակումը ռազմավարական սխալ է»,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Իրանի ԶՈւ ԳՇ պետը, անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող գործողություններին, մասնավորապես նշել է. «Թուրքիայի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անվան տակ այդ նույն խմբավորման դեմ կռվող քրդերի վրա իրականացրած հարձակումները սխալ էին, որոնց պատճառով ահաբեկիչներ հեշտությամբ կարող են մոտենալ Թուրքիայի սահմաններին»:
Շարունակելով խոսքը՝ գեներալ Ֆիրուզաբադին հավելել է. «Իսլամական պետությունը ցանկանում է հաստատվել իսլամական երկրներում. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը բացառություն չեն: Այդ ահաբեկչական կառույցին օգնություն ցուցաբերող երկրները պետք է գիտակցեն, որ վաղ թե ուշ Իսլամական պետությունը սպառնալու է նաև իրենց անվտանգությանը»: