Թուրքիայի շուրջ լարվածությունը ներքաղաքական կյանքում կարող է բերել քաոսային վիճակի. արևելագետ
«Թուրքիայում սկսում է ուժեղանալ հակաքրդական հիստերիան։ Վաղաժամկետ ընտրությունների հավանականությունը 75 տոկոս է, իսկ նոր կառավարության ձևավորման հնարավորությունը 25 տոկոս»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այս ամենի պատճառով լարված իրավիճակ է առաջացել Թուրքիայում, ինչը ձեռնտու է իշխող կառավարությանը: Էրդողանը պատրաստ է գնալ վաղաժամկետ ընտրությունների, քանի որ հույս ունի, որ այդ պարագայում ավելի շատ ձայներ կստանա և հնարավորություն կունենա կազմելու միատարր կառավարություն և ոչ թե կոալիցիա»,- ասաց նա:
Ըստ արևելագետի, Թուրքիայի շուրջ լարվածությունը ներքաղաքական կյանքում կարող է բերել քաոսային վիճակի, սակայն դժվարացավ պատասխանել, թե որքանով դա կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, որքանով դա իրական վտանգ կլինի Թուրքիայի տարածքային ամբողջականության համար. «Թուրքիայի պատմությունից ելնելով կարող եմ ասել, որ նրանք հիմնականում հարցերը լուծում են ուժի միջոցով»:
Ինչ վերաբերում է «Իսլամական պետության» գործունեությանը, նա ասաց, որ այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Թուրքագետը նշեց, որ մոտավոր հաշվարկներով մի քանի հազար ադրբեջանցի կռվում է «Իսլամական պետության» շարքերում և կգա ժամանակ, որ այդ զինյալները կվերադառնան: