
Խորհրդակցություն` հրամանատարաշտաբային զորավարժություններին ընդառաջ
Սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մի շարք գերատեսչությունների և զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ռազմավարական իրավիճակի վերլուծության ու գնահատման մեթոդիկան, մատնանշվել են դրա հիմնական սուբյեկտները, ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում գերատեսչությունների, դրանց ենթակա ստորաբաժանումների տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանն ու ներդաշնակմանը միտված մի շարք առաջարկություններ:
Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է անել առավելագույնը զորավարժության նախապատրաստական փուլն ըստ պատշաճի և սահմանված ժամանակացույցի շրջանակներում անցկացնելու ուղղությամբ: