Օձի թունավորված հատվածում պետք է բերանով արտածծել վերքից. Մասնագետ
Այս տարվա յոթ ամիսների ընթացքում գրանցվել է օձից թունավորման 48 դեպք: 2014-ի ընթացքում օձից թունավորման դեպքերի քանակը կազմել է 63: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Նրա խոսքով, օձի թունավորման առումով Հայաստանում ամենավտանգավոր վայրերն են Արարատյան դաշտը, Սիսիանը, Գորիսը, Կապանը, իսկ Երևանում՝ Հրազդանի կիրճը:
«Ուղղակի պետք է զգույշ լինել, ինքը երբեք առաջինը չի հարձակվում, ինքը միշտ նախազգուշացնում է, ձայն է հանում, ֆշշում է, այդ պահին մեկ-երկու րոպե կանգնեք, առանց հարձակվելու ինքը կհեռանա»,- խորհուրդ տվեց թունաբանը:
Օձի թույնով թունավորված հիվանդը, Գաբրիելյանի խոսքով, ցանկալի է, որ թունավորումից հետո առաջին վեց ժամերի ընթացքում ստանա առաջին ներարկումը: Հիվանդը պետք է անշարժ մնա, այնուհետև կամ մեքենայով, կամ պատգարակով հասցնել մոտակա բուժկենտրոն:
«Բացի այդ, նույն րոպեին բերանով արտածծել վերքից, բերանի խոռոչով թույնը չի տարածվում, չի ազդում: Այդ րոպեին, եթե դա արվի, մինչև 30 տոկոս թույնի ազդեցությունը պակասում է: Կատեգորիկ չի կարելի ժգուտ դնել, ժգուտը մեկ է պետք է հանվի, իսկ դա կուտակվում է, հանելուց հետո հիվանդի մոտ միշտ խնդիր է առաջանում»,-ասաց մասնագետը: