Հայրիկիս երազանքը կատարվում է. Ռուբեն Տերտերյան
Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում, որտեղ գտնվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ատեղծագործական տունը, այսօր տեղի կունենա արվեստների յուրօրինակ փառատոն՝ «Տերտերյանի ժամանակը» ընդհանուր խորագրով:
«Մենք տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում: Տերտերյանի փառատոն անցկացնելու մտադրություն վաղուց ունեինք: Ինձ համար կարևոր է, որ հենց հասարակական նախաձեռնությամբ է կազմակերպվում փառատոնը: Լավ գաղափարներին միշտ բոլորը միանում են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Փառատոնն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Այսօր մենք խոսում ենք լուրջ ավանդույթի ներդրման մասին: Վստահ եմ, որ այս փառատոնը կդառնա ավանդական: Տերտերյանի երաժշտությունը սահմաններ չունի, բայց միաժամանակ ազգային է, ազգային հենքի վրա ստեղծագործող կոմպոզիտորներ մեզանում քիչ են եղել»,-ասաց նախարարը:
Ասուլիսին ներկա Ա. Տերտերյանի որդին՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանն ասաց, որ այսօր ամենամեծ նվերն է, որ կարող է իր հայրիկը ստանալ. «Ինքն այդ գաղափարով էր ապրում: Երբ կառուցեց տունը Հայրավանքում, տեղափոխվեց այնտեղ ապրելու, նա երազում էր, որ այդտեղ կատարվեն տոնախմբություններ, հնչի ոչ միայն ակադեմիական երաժշտություն, այլ պար, լինի ոգու ուրախություն»:
«Մեդիա կոնգրես» ժուռնալիստների միության նախագահ Աշոտ Ջազոյանի բնորոշմամբ, Ավետ Տերտերյանն անցյալն է, ներկան ու ապագան, այդ առումով ճիշտ է ընտրված փառատոնի խորագիրը՝ «Տերտերյանի ժամանակը»:
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի խոսքով, նախատեսում են Հայաստանից հետո փառատոնն անցկացնել նաև Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, նաև եվրոպական ու ամերիկյան երկրներում: «Մեր հանճարեղ կոմպոզիտորը մինչև վերջ բացահայտված չէ ողջ աշխարհի համար: Մեր առաքելությունն է բացահայտել նրա տաղանդը բոլորի համար»,- ասաց նա:
Կ. Մկրտչյանը նաև հույս հայտնեց, որ մեկ օր կբացվի Տերտերյանի տուն-թանգարան:
Ռուբեն Տերտերյանի խոսքով, տուն-թանգարանը պետք է լինի այնտեղ, որտեղ ապրել է Տերտերյանը, այսինքն հենց Հայրավանքում. «Այն պետք է լինի կյանք ունեցող կառույց: Տունը կվերածվի թանգարանի, ժամանակակից արվեստի կենտրոնի այն ժամանակ, երբ այդ տանը ծավալվի մշակութային բուռն կյանք, որը ձգի մարդկանց: Երբ այս փառատոնը սկսի զարգանալ, կարծում եմ, այնտեղ կսկսվի նաև աշխուժ մշակութային կյանք»:
«Տերտերյանի ժամանակը» փառատոնի մեկնարկը կտրվի ասօր ժամը 13:00-ին Հայրավանքում սուրբ պատարագով և հոգևոր երաժշտության համերգով (կատարող՝ Աննա Մայիլյան), «Տոնացույց ֆոլը համույթնի ելույթով (ղեկ. Հ. Բաղրամյան): Փառատոնի շրջանակում այսօր նախատեսված է նաև ժողովրդական արհեստների նմուշների տոնավաճառ, հայկական ազգային ուտեստների ցուցահանդես-վաճառք, ֆոլկլորային համույթների ելույթներ, շրջայց Տերտերյանի ստեղծագործական տանը, ցուցահանդես (հայ և ռուս նկարների գեղանկարներ և գծանկարներ, Երևանի և Եկատերինբուրգի գեղարվեստական դպրոցների սաների աշխատանքներ):
Փառատոնի շրջանակում լինելու են հայ և ռուս գրականագետների ելույթներ, գրքերի շնորհանդեսներ («Հայաստանի պոեզիան Մարկ Ռիժկովի թարգմանություններով», Ռ. Տետերյանի «Զրույց Ավետ Տերտերյանի հետ» անգլերեն հրատարակություն):
Փառատոնային այս օրն ամփոփվելու է համերգային ծրագրով, հնչելու է Կոմիտաս, նաև Ավետ Տերտերյան՝ «Սիմֆոնիա թիվ 6» Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան) կատարմամբ:
Փառատոնի շրջանակում օգոստոսի 1-ին Կոմիտասի թանգարանում կլինի կամերային երաժշտության համերգ:
Կոմպոզիտոր, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը XX դարի հայկական երաժշտության վառ ու ինքնատիպ անհատականություններից է: Նրա անվան հետ է կապվում հայկական սիմֆոնիզմի զարգացման նոր շրջանը:
Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թ. հուլիսի 29-ին Բաքվում: 1948 թ.–ին Տերտերյանը սկսում է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, իսկ 1951 թ.–ին տեղափոխվում է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան։ 1952–ին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985–ից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։ Տերտերյանը մահացել է 1994-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Գրել է 8 սիմֆոնիա: Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա: Իր առաջին օպերայում՝ «Կրակե օղակում» և «Երկրաշարժ»: Տերտերյանը ստեղծել է մեկ բալետ Շեքսպիրյան «Ռիչարդ Գ» ողբերգության հիման վրա` «Ռիչարդ Երրորդի մենախոսությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա