ՎիվաՍել-ՄՏՍ-ի օժանդակությամբ Չկալով համայնքում ջրագիծ կկառուցվի
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել են ջրամատակարարման բարելավման ծրագրով գյուղական համայնքներում համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները:
Նախագծի շրջանակում Լոռու մարզի Չկալով համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Չկալով գյուղի բարեկարգման նպատակով ԱՄՆ-ում ստեղծված «Նոյարք» հիմնադրամի հիմնադիր Սիլվա Մովսեսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Չկալովի գյուղապետ Ռոման Շաքարյանը նաև համայնքի բնակիչները:
Չկալով գյուղում առկա մշտական հիմնախնդիրներից մեկը եղել է խմելու ջրի համակարգի բացակայությունը: Բնակիչներն օգտվել են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, որը վաղուց սակավաջուր էր դարձել: Խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվել է՝ համայնքային բյուջեի սղության պատճառով:
Համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի լուծման գործում իրենց ներդրումն են ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր անձնական միջոցներից հատկացրել է շուրջ 13 400 000 դրամ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հատկացնելով շուրջ 11 000 000 դրամ, և «Նոյարք» հիմնադրամը՝ շուրջ 13 700 000 ՀՀ դրամ մասնակցությամբ: Ջրագծի կառուցման աշխատանքները կատարվել են համայնքի բնակիչների՝ հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Իրականացված ծրագրի արդյունքից կօգտվի 74 ընտանիք:
«Հնուց ի վեր ջուրը պաշտամունքի առարկա է: Ավելորդ է խոսել ջրի կենսական անհրաժեշտության մասին: Ջուրը՝ բնության չորս տարերքներից մեկը, կյանքի գոյության սկզբնաղբյուրն է: Խմելու ջրի որակով են պայմանավորված մարդու առողջությունն ու կյանքի որակը: Մի քանի անհատների անձնական նվիրատվությամբ և կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես նաև գյուղացիների ջանքերով հնարավոր դարձավ լեռնային այս գյուղն ապահովել խմելու ջրով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: